Մեծ աքսեսուարներ, սև, սպիտակ, վառ կապույտ զգեստներ…այս տարվա նորաձևության ճիչը

Այս գարնանը նորաձև է սև ու սպիտակ գույների համադրությունը, որը ամենուրեք է, բոլոր նորաձևության տներում ու ցուցադրություններում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը: Նա նշեց, որ Հայաստանում գործող նորաձևության տները ևս ներկայացնում են շատ ու շատ զգեստներ, տաբատներ, հագուստի պարագաներ, որոնք այդ գույներով են, որպեսզի հայ երիտասարդները հետ չմնան նորաձևության տենդենցներից:
Քաբաբյանը նաև հայտնեց, որ այս տարի բավականին նորաձև է վառ կապույտը: ”Կարող եք այդ կապույտով ստանալ, թե ամբողջ ձեր կերպարը, այսինքն` ամբողջը լինի կապույտից, կամ այդ գույնի աքսեսուար, կամ կոշիկը, պայուսակը լինի վառ կապույտ”,-խորհուրդ տվեց նորաձևության բլոգերը:
Վերջինս ընդգծեց, որ կնոջ զգեստապահարանում ամենակարևոր տեղը հիմա աքսեսուարներն են զբաղեցնում: Նորաձև են հատկապես խոշոր ականջօղերն ու ձեռքն ամբողջությամբ ծածկող ապարանջանները: Դրանց վրա, Քաբաբյանի ներկայացմամբ, նորաձևության տներն էլ շատ ու շատ միջոցներ են ծախսել այս տարի, և մրցակցում են միմյանց հետ` ով շատ վառ ու հետաքրքիր նոր աքսեսուար կներկայացնի:
Հիմա հատկապես նորաձև են ”Շանելի” ներկայացրած ապարանջանները: ”Հագուստի առումով մինիմալիզմ է, իսկ աքսեսուարների առոմով` մաքսիամալիզմ”,-ասաց մեր զրուցակիցը: