Հայաստանից ամենաշատն են ցանկանում արտագաղթել. Gallup

Նախկին սովետական երկրներից ամենից շատ Հայաստանի բնակիչներ են ցանկանում արտասահման մեկնել` մշտական բնակություն հաստատելու նպատակով: Այդ մասին են վկայում հետխորհրդային տարածքում “Gallup”-ի անցկացրած հարցումների արդյունքները:
Հարցումն անց է կացվել 2010-12-ին հետսովետական 12 երկրների 41.072 չափահաս բնակիչների շարքում: Պարզվում է, որ Միջին Ասիայի բնակիչներն ավելի քիչ են տրամադրված հարազատ երկրները լքելուն, քան մյուս երկրների բնակիչները:
“Gallup”-ի տվյալների համաձայն Հայաստանի չափահաս բնակչության 40 տոկոսը ցանկանում է արտագաղթել մեկ այլ երկիր: Երկրորդ տեղում Մոլդովայի բնակիչներն են` 32 տոկոս, 3-րդում` Ուկրաինայի` 21 տոկոս: Այնուհետեւ գալիս են Բելառուսը` 17 տոկոս, Ղրղըզստանը` 16 տոկոս: Ռուսաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը` 7.8, 14, 9 տոկոս համապատասխանաբար: Ղազախստանը ցանկանում է լքել բնակիչների 13 տոկոսը, Տաջիկստանը` 11 տոկոսը, Թուրքմենստանը` 6 եւ Ուզբեկստանը` 5 տոկոսը:
Արատագաղթելու ցանկությունը հիմնականում կախված է տնտեսական գործոնների հետ: Ընդհանուր հետսովետական տարածքի բնակիչների 52 տոկոսը հայտնել է, որ ցանկանում է բարելավել իր կենսամակարդակը, 13 տոկոսը ցանկանում է լավ ապագա ստեղծել իրենց երեխաների համար, 10 տոկոսը չի կարողանում աշխատանք գտնել հայրենիքում, 4 տոկոսը ցանկանում է սոցիալական նպաստ ստանալ արտերկրում, 3 տոկոսը ցանկանում է ընտանիքին մոտ գտնվել եւ պաշտպանել իր իրավունքները, 1 տոկոսը ցանկանում է ապրել էկոլոգիապես մաքուր եւ հանցագործությունների ցածր մակարդակով երկրում: