Ուրիխանյանը պոռթկալ էր ուզում

՛՛Ես երեկ սպասում էի, որ այդ հարցը կլիներ, ուզում էի պոռթկալ ու ասել, որ ԲՀԿ-ն ստեղծման օրվանից է ճշմարտության պահին, ոչ թե մի պահ է, այպիսի պահեր մեր գործունեության մեջ եղել են շատ -շատ՛՛,-այսօր ասուլիսում՝ մեկնաբանելով ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երեկ Աբովյանում արած հայտարարությունը, թե ԲՀԿ-ը պետք է հասկանա, որ եկել է ճշմարտության պահը և պետք է կողմնորոշվի, թե որ կողմում է, ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Նա նշեց, որ իրենց կուսակցությանը ձայներ են տալիս նրանք, ովքեր հետևում են իրենց աշխատանքին և տալիս են լծակներ՝ այս կամ այն խնդիրը բարձրաձայնելու, լուծելու համար: Ինչ վերաբերում է նրան, որ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել են նաև ԲՀԿ-ի ընտրազանգվածից, ապա Ուրիխանյանն ասաց, որ նախագահական ընտրություններին իրենք չեն մասնակցել և այդ ընտրություններում մարդիկ անհատներին են ձայն տալիս: ԲՀԿ խոսնակը համարում է, որ պետք է ականջալուր լինել՛՛Ազատության՛՛ հրապարակում իրենց բողոքները ներկայացնող մարդկանց:
Henaran.am-ի հարցին` ինչպես է ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների համար պայքարում գնահատում իրենց և ՛՛Ժառանգության՛՛ հնարավորությունները, Ուրիխանյանը պատասխանեց, որ նախագահական ընտրություններին ընտրողները քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի համար, իսկ Երևանի ավագանու ընտրություններում, ինչպես և խորհրդարանական ընտրություններում քվեարկում են կուսակցության համար: