“Ախպեր ջան, մի բան արա, լավությանդ տակից դուրս կգամ”
“Մարդիկ կարծում են, թե հակակոռուպցիոն կենտրոնները ամենազոր են և մեկ զանգով կարող են լուծել իրենց խնդիրները”,- այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Մարատ Ատովմյանը:
Հայաստանի բոլոր մարզերում գործում են հակակոռուպցիոն կենտրոններ: Կոռուպցիան իր արմատներն է գցել նաև ամենահեռավոր գյուղերում: Հակակոռուպցիոն կենտրոնների ղեկավարները դժվարանում են առանձնացնել, թե հատկապես որ ոլորտում է այն ավելի հաճախ դրսևորվում:
Սակայն կարող են նշել այն ոլորտը, որի հետ կապված համարյա դիմումներ չեն լինում: “Պարզ գիտակցում եմ, որ կրթական ոլորտը անմասն չէ կոռուպցիաից, սակայն այս ոլորտի հետ կապված գրեթե դիմումներ չեն լինում: Դրանից հետևություն անեմ, որ գուցե մարդկանց ձեռք է տալիս այս ոլորտի կոռուպցիան”:
Կենտրոնների գործնեության դրույթներից է նաև հանրային իրազեկումը և քննարկումների կազմակերպումը տարբեր նախարարություններում: Ատովմյանը նշեց, որ կենտրոնների գործունեության սկզբում մարդիկ հաճախ չէին վստահում և խնդրում էին չհրապարակել իրենց անունները:
Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի դիտարկմամբ` կոռուպցիան ամենուր է և աշխարհի բոլոր երկրներում ամեն օր պայքարում են դրա դեմ. “Կոռուպցիան այնքան է արմատացել մարդկանց գիտակցության մեջ, որ շատ հաճախ չեն էլ զգում` օրինակ գալիս են կենտրոն, ասում են` ախպեր ջան մի բան արեք, Ձեր լավության տակից դուրս կգամ”:
Հիշեցնենք, Հայաստանում կոռուպցիոն կենտրոնները ստեղծվել են 2008 թվականին: Բոլոր մարզերում գործում է անվճար թեժ գիծ: