Գերմանիան դատապարտել է Բունդեսթագի պատգամավորների մասին Էրդողանի հայտարարությունները

Գերմանիան արձագանքել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայում բարձրացած վիրավորանքների ու սպառնալիքների ալիքին: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հունիսի 6-ին Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շթեֆեն Զայբերտը դատապարտել է գերմանացի պատգամավորների վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները:
Միջանկյալ հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկած թուրքական ծագմամբ 11 գերմանացի պատգամավորների մասին Էրդողանը հայտարարել էր, թե դեռ պետք է ստուգել նրանց արյունը՝ պարզելու համար՝ որքանով են նրանք իրականում թուրք: «Ակնհայտ է, թե ում խոսնակներն են նրանք: Նրաք այս երկրում գործող անջատողական, ահաբեկչական խմբավորումների ճյուղավորումներն են Գերմանիայում», -ասել էր Էրդողանը:
«Մեզ համար ոչ մի կերպ ընդունելի չէ, որ Թուրքիայից հնչող հայտարարություններում Գերմանիայի խորհրդարանի որոշ պատգամավորներ ներկայացվում են իբրև ահաբեկչական խմբավորումներին հարող անձինք»,- հայտարարել է Զայբերտը:
Իսկ դաշնային խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը գրավոր հայտարարություն է տարածել՝ դատապարտելով թուրքական ծագմամբ պատգամավորների դեմ սոցիալական ցանցերում տարածված վիրավորանքներն ու մահվան սպառնալիքները:
«Եթե որևէ մեկը փորձի ճնշում գործադրել որևէ պատգամավորի վրա, պետք է իմանա, որ այդպիսով հարձակում է գործում մեր ողջ խորհրդարանի և ժողովրդավարության վրա: Նման դեպքում մենք էլ օրենքի սահմաններում անհրաժեշտ պատասխան քայլեր կձեռնարկենք», – ասված է հայտարարությունում: