27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը հիշեցրել է ներգաղթյալ հայերին Թուրքիայից վտարելու հնարավորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաբահաթթին Զաիմ Համալսարանում ծավալուն ելույթով անդրադարձել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Էրդողանը, նշելով, որ Գերմանիայի հետ հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինելու, ասել է. «Հեյ Գերմանիա, նորից եմ կրկնում` նախ պետք է Հոլոքոստի պատասխանը տաս: Նամիբիայում ավելի քան 100 հազար մարդ եք սպանել, դրա պատասխանն էլ պետք է տաք: Եթե կան երկրներ, որոնք իրենց խորհրդարաններում թուրքերի կամ Թուրքիայի դեմ այսպես կոչված Հայոց ցեղասպանության բանաձև են քվեարկության դնում, ապա դուք դրա իրավունքն ունեցող ամենավերջին երկիրն եք»:

Ըստ էրդողանի՝ իր երկրի և Գերմանիայի տարբերությունն այն է, որ Թուրքիայի պատմությունը կոտորածների պատմություն չէ:

Շարունակելով խոսքը` Թուրքիայի նախագահը կրկին հիշել է այդ երկրում ապրող հայերի թեման, որոնց մի մասն այնտեղ բնակվում է առանց անհրաժեշտ փաստաթղթերի:

«Թուրքիայում 100 հազար հայ է բնակվում, որոնց մի մասը մեր քաղաքացիներն են, մյուս մասը` ոչ: Մենք Հայաստանից եկածներին հյուրընկալում ենք այնպես, ինչպես` Սիրիայից և Իրաքից եկածներին: Մի՞թե ներելի է այդ մարդկանց (գերմանացիների-խմբ.) արածը Թուրքիայի նման սիրալիր մոտեցում ունեցող երկրի հանդեպ: Մենք կարող էինք այլ կերպ վարվել: Եթե մենք հայերի հանդեպ թշնամական տրամադրված երկիր լինեինք, բոլոր Թուրքիա եկածներին հետ կուղարկեինք Հայաստան»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը ժխտել է նաև հայկական եկեղեցիները քանդելու կամ բռնագրավելու փաստերը` ասելով, որ իրենք վերադարձնում են հայկական գույքը:

Անցնելով Թուրքիայի իշխանությունների և անձամբ իր կողմից առաջարկված պատմաբանների հանձնաժողովի տխրահռչակ առաջարկին` Էրդողանն ասել է. «Եթե վստահ եք ձեզ վրա, ուղարկեք ձեր իրավաբաններին, հնագետներին ու պատմաբաններին: Ցանկացած երկրից թող գան ուսումնասիրեն արխիվները: Եթե այնտեղից ինչ-որ բան կգտնվի, մենք պատրաստ ենք բոլորի հետ առերեսվել»:

Կրկին դիմելով Գերմանիայի իշխանություններին` Էրդողանն ասել է. «Եթե դուք մարդկության դեմ իրականացրած ձեր հանցանքներին մեղսակից եք որոնում, ապա դա մենք չենք: Գնացեք այդ հանցակցին ուրիշ տեղ փնտրեք»:

Ավարտելով խոսքը` Էրդողանն ասել է, որ իրենք թուլ չեն տա ամեն անգամ այս թեման որպես մահակ օգտագործվի Թուրքիային հարվածելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ