“Դեղը չեմ փոխի սեքսի հետ … “
Henaran.am-ի զրուցակիցը նախկին թմրամոլ է: Մի օր պատահական փորձեց եւ հայտնվեց անդունդի եզրին: Տարիներ անց ծնողները իմացան եւ սկսեցին բուժումը: “Գրպանումս ներարկիչ տեսան` կասկածեցին: Մի օր իրանց մոտ եւ սկսվեց լոմկաս: Հասկացան, որ նարկաման եմ”,-պատմում է Արամը /անունը պայմանական է-խմբ./:
Զարմանում է, թե ո՞նց սիրեց ասեղը, դարձրեց իր ամենօրյա սնունդը: “Ախր 23 տարեկանից սկսեցի սովորական սիգարետ ծխելը, խելոք տղա էի … Հա, մեկ-մեկ զա կայֆ` ուռում էի, բայց դա հեչ…”,-պատմում է:
37 տարեկան է, եւ 4 տարի է արդեն հեռու է ներարկիչ-դեղերից: Արամը չի ժխտում բժիշկների ջանքերը, բայց համոզված է, որ մարդը ինքը պիտի նախ եւ առաջ իր մեջ ուժ գտնի: “Եթե ես չուզեի, հաստատ չէի բուժվի, հիմա կործանված կլինեի”,-Արամը բոլոր իր նմաններին պարզապես խնդրում է` հրաժարվել այդ չարիքից, բուժվել եւ հավելում.
“Լոմկայի պահին, երբ դեղի կարիք ես ունենում, մոռանում ես ամենաուժեղ հաճույքները: Նույնիսկ աշխարհի ամենագեղեցիկ աղջկա հետ մեկ գիշերվա սեքսը չէի փոխի մեկ գրամ դեղի հետ”:
Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում ամեն տարի 50 %-ով ավելանում է թմրամոլների թիվը: 2012-ի դեկտեմբերի տվյալներով` Հայաստանում կա 3 893 թմրամոլ։ Սակայն, բացի պաշտոնականից, հաշվարկային մասով՝ Հայաստանում կա 12 700՝ ներերակային եւ 21 000 կանեփ օգտագործող թմրամոլ: Մեր երկրում ամենից շատ օգտագործում են ափիոն եւ կանեփ: