Ինձ հետաքրքիր է, թե գերմանացի պաշտոնյաները ինչ երեսով են նայելու իմ աչքերին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աֆրիկա կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էրդողանն առաջ է քաշել այն պնդումը, թե Հոլոքոստի և 1915թ. դեպքերի միջև որևէ նմանություն չկա: Որպես ապացույց՝ Թուրքիայի նախագահը վկայակոչել է ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը (Փերինչեք-Շվեցարիա դատավարության վերաբերյալ. – խմբ.):
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք կարելի է Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը մեկնաբանել որպես պատասխան քայլ փախստականների հարցում Թուրքիայի վարած քաղաքականությանը, Էրդողանը պատասխանել է.
«Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են փախստականների հետ ընդունման համաձայնագիրը և առանց անցագրի ռեժիմը, առնչվում են միայն Եվրամիությանը»: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այս երկու ծրագրերը պետք է միաժամանակ կյանքի կոչվեն, հակառակ դեպքում Թուրքիան կարող է չկատարել պարտավորությունների իր մասը:
Իսկ հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Թուրքիան՝ ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի քայլի, Էրդողանը նշել է.
«Գերմանիայի խորհրդարանի որոշումը լավ նախանշան չէ: Բայց նախ պետք է հարկ եղածի պես ծանրութեթև անենք: Զայրույթով գործի անցնելն ու վնասով ավարտելը մեզ պատիվ չի բերի»:
Էրդողանն ընդգծել է նաև, որ դեռևս վաղ է խոսել Գերմանիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին: Սակայն հավելել է.
«Այստեղ ինչ-որ արտաքին ուժ կա: Ինչո՞ւ: Որովհետև քվեարկության ընթացքում մեկ ձեռնպահ, մեկ դեմ գրանցվեց, և եղան նաև քվեարկությանը չմասնակցողներ: Միթե այս հարցը Գերմանիայի համար այդ աստիճան ազգային նշանակություն ունի: Այդ դեպքում ինչո՞ւ այս որոշումը չընդունվեց 1915թ. դեպքերի հարյուրամյակին՝ անցյալ տարի: Այս հանգամանքները, իհարկե, մտածելու տեղիք են տալիս: Նրանք պետք է որ վերևից համապատասխան հրահանգ ստացած լինեն, որ նման քայլ կատարեցին: Հիմա ինձ հետաքրքիր է, թե գերմանացի պաշտոնյաները ինչ երեսով են նայելու իմ, մեր վարչապետի աչքերին»:
Իսկ հարցին, թե արդյոք Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների ներկա իրավիճակը կարող է բացասաբար ազդել Թուրքիա-ԵՄ բանակցությունների գործընթացի վրա, Էրդողանը պատասխանել է, թե այս իրադարձությունը պետք է գնահատել միայն Թուրքիա- Գերմանիա հարաբերությունների շրջանակներում: Ըստ նրա՝ ԵՄ-Թուրքիա փոխհարաբերությունները այս համատեքստում դիտարկելը ճիշտ չէ: