Բունդեսթագի ընդունած բանաձևը առ ոչինչ է Թուրքիայի համար. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիայի կառավարության խոսնակ և փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը սոցցանցում հրապարակած գրառումներով արձագանքել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ցեղասպանության մասին որոշումն առ ոչինչ է Թուրքիայի համար:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Քուրուլմուշը «Twitter» սոցցանցում հետևյալ գրառումն է կատարել.
«Գերմանիայի խորհրդարանի կողմից մի շարք նենգափոխված և անհիմն պնդումները որպես ցեղասպանություն որակելը պատմական սխալ է:
Գերմանիայի խորհրդարանի կողմից այս բանաձևի ընդունումը Գերմանիայի ու Թուրքիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին վայել որոշում չէ:
Թուրքիայի համար այս որոշումն առ ոչինչ է:
Այս խնդիրը ոչ թե քաղաքական գործիչների կամ խորհրդարանների, այլ գիտնականների ու պատմաբանների լուծելիք խնդիրն է:
Թուրքիան բոլոր հարթակներում անհրաժեշտ պատասխան կտա այս բանաձևին»: