23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը խայտառակվել է

Անցյալ շաբաթ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի հետ մի ծիծաղաշարժ դեպք պատահեց Լոս Անջելեսի Միջազգային հարաբերությունների խորհրդում տեսաձայնային միջոցառման ընթացքում:

Գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաեւը մոտեցավ ամբիոնին, միացրեց մոդայիկ նոութբուքը եւ հպարտությամբ լսարանին կոչ արեց դիտել Ադրբեջանի տեսարանները` պատին ամրացված մեծ էկրանի վրա: Սակայն սարսափով նկատեց, որ էկրանի վրա սառած մասնակի մի պատկեր է երեւում:

Հյուպատոսի օգնականներն ու Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահը նետվեցին բեմ եւ սկսեցին սեղմել նոութբուքի վրայի բոլոր հնարավոր կոճակները, քանի որ հյուրերն անհամբեր սպասում էին: Սակայն նրանց փորձերը մնացին ապարդյուն. պարոն Աղաեւը ոչ միայն չկարողացավ ցուցադրել իր հայրենի երկիրը, այլեւ չկարողացավ անգամ ներկայացնել իր ելույթը, քանի որ տեքստը արգելափակվել էր նրա “անհնազանդ” նոութբուքում:

Հուսահատված ադրբեջանցի դիվանագետն սկսեց խոսել հանպատրաստից` դուրս քաշելով գրպանից թղթի մի կտոր, որի վրա մի քանի նշումներ էր խզբզել: Այսպիսին էր երեկոյի անհաջող սկիզբը, որը նախատեսված էր Ադրբեջանի տպավորիչ առաջընթացը ցուցադրելու եւ լսարանին բարձր տեխնոլոգիաների սարքերով շլացնելու համար:

Գլխավոր հյուպատոսը ողջ դասախոսության ընթացքում շատ հուզված էր երեւում: Հավանաբար, նրա համար անսովոր էր ելույթ ունենալ նման վեհաժողովում կամ նյարդայնացել էր, որովհետեւ “դահլիճում ներկա էին հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ”, այդ թվում` ես եւ մի խումբ հայեր:

Պարոն Աղաեւը մանրամասն խոսեց Հայաստանի կողմից իր երկրի տարածքի մի հատվածի “բռնագրավման” մասին` նկատի ունենալով Արցախի ազատագրումը: Այս հակամարտությունն անվանելով “Ադրբեջանի գերագույն խնդիր”, նա ցավով նշեց, որ “մեկ միլիոն ադրբեջանցիներ այսօր դարձել են փախստականներ”: Այնուամենայնիվ, նա չկարողացավ բացատրել, թե միլիարդավոր նավթադոլարների եկամուտ ունեցող կառավարությունը ինչու է թույլ տվել, որ իր այդքան մեծ թվով քաղաքացիներն ավելի քան 20 տարի ապրեն ծայրահեղ չքավորության մեջ:

Գլխավոր հյուպատոսն ընդօրինակելով թուրքական վարչակարգին, լուրջ սխալ թույլ տվեց` Հայոց ցեղասպանությունը անվանելով որպես “այսպես կոչված ցեղասպանություն”: Արժե՞ արդյոք ադրբեջանցի պաշտոնյաներին ժխտել Հայոց ցեղասպանությունը եւ վիրավորել հայերին, երբ նրանք արդեն անելանելի վիճակում են արցախյան հարցում: Ինչո՞ւ են Ադրբեջանի ղեկավարներն ուզում բարդացնել իրենց գործը` կապվելով Թուրքիայի ժխտողականության հետ եւ ավելի թշնամացնելով հայերին` քիչ հավանական դարձնելով նրանց հետ խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորությունը:

Պարոն Աղաեւն իր ելույթում բոլորովին անտեսելով Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում նաեւ ազգային փոքրամասնությունների` մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը, Ադրբեջանը կեղծորեն ներկայացրեց որպես “կրոնական եւ ազգային հանդուրժողականության” երկիր: Նա շարունակեց պատմությունը նենգափոխել` մոռանալով հայերի ջարդերը Բաքվում եւ Սումգայիթում, եւ պնդեց, որ հայերը լիարժեք ազատություն են ունեցել Խորհրդային Ադրբեջանում: Նա նաեւ մահմեդական Ադրբեջանը ներկայացրեց որպես “քրիստոնեություն ընդունած հնագույն պետություներից մեկը, 313 մ.թ.”:

Լսարանում մի քանիսի կողմից նախապես պայմանավորված որոշ հարցերից հետո, թե ինչ “հանդուրժողական” է Ադրբեջանը “լեռնային հրեաների” հանդեպ եւ ինչ լավ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ, Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահը զգուշորեն խուսափեց թույլ տալու ինձ հարցում անել: Բարեբախտաբար, երկու այլ հայերի` Հայ երիտասարդական միության նախագահ Արութին Հարությունյանին եւ Հայ իրավաբանական միության նախագահ Կարո Ղազարյանին հարցեր տալու հնարավորություն ընձեռնվեց: Երկուսն էլ բարձրացրին ադրբեջանցի կացնահարող զինվոր Ռամիլ Սաֆարովի հարցը, որը Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ սպանել էր քնած հայ սպային: Հունգարիայի կառավարության կողմից Սաֆարովին բանտից վաղաժամկետ ազատելուց եւ Ադրբեջանին արտահանձնելուց հետո, նախագահ Ալիեւը ներում շնորհեց եւ փառաբանեց կացնահարող մարդասպանին: Ադրբեջանցի գլխավոր հյուպատոսը ապուշորեն հակադրվելով իր նախագահին հայտարարեց, որ Ադրբեջանր “չի արդարացնում” Սաֆարովի ոճրագործությունը:

Միջազգային հարաբերությունների խորհրդում պարոն Աղաեւի հայտնվելը մի քանի մտահոգիչ հարցերի տեղիք է տալիս: Ինչո՞ւ է Խորհուրդը նման անսովոր քայլի գնացել` հրավիրելով ցածր պաշտոնով մի գլխավոր հյուպատոսի, որպեսզի ներկայացնի “հակոտնյա տեսակետ” Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` միեւնույն վայրում սեպտեմբերի 24-ի ելույթին: Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչո՞վ է խթանել Միջազգային հարաբերությունների խորհրդին` կրտսեր դիվանագետի ելույթն ապահովելու համար, որը հավանաբար գցելու է հեղինակավոր կազմակերպության վարկը:

Օրեր անց, երբ Ադրբեջանի հյուպատոսության կայքէջում տեղադրվեց պարոն Աղաեւի ելույթը` նոութբուքի հետ կապված խափանումները խնամքով հանվել էին խստորեն խմբագրված տեսանյութից: 48 րոպե տեւողությամբ ճառը եւ հարց ու պատասխանի ժամանակահատվածը կրճատվել էին մինչեւ 15 րոպե:

Գլխավոր հյուպատոսի` նոութբուքի հետ կապված միջադեպը բնորոշ է Ադրբեջանի շատ ավելի մեծ խնդիրներին: Երկրի ղեկավարները միլիարդավոր դոլարներ են ծախսել մեծ քանակությամբ առաջավոր ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար: Սակայն, եթե նրանք չգիտեն որ կոճակը սեղմել, ապա նորագույն զենքերը կլինեն նույնքան անօգուտ, ինչքան պարոն Աղաեւի նոութբուքը:

Նախագահ Ալիեւը սփյուռքահայերին Ադրբեջանի “գլխավոր թշնամի” որակելու փոխարեն, ավելի շատ պետք է մտահոգվի իր դիվանագետներով, որոնք չեն կարողանում անգամ նոութբուք օգտագործել: Անճարակ պաշտոնյաներն ավելի մեծ վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար, քան հայկական “թշնամին”:

 

Հարութ Սասունյան`

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ