Հայոց հարցը վաղուց օգտագործվում է՝ Թուրքիային նեղը գցելու նպատակով․ Էրդողանի խորհրդական
Թուրքիայում թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր շրջանակներից շարունակվում են «անհանգիստ» արձագանքները` կապված Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի` հունիսի 2-ին տեղի ունենալիք քննարկմանն ու քվեարկության հետ:
Հերթական անհանգստությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իհսան Շեները: Վերջինս, նշելով, որ հայոց հարցը վաղուց ի վեր օգտագործվում է Թուրքիային նեղը գցելու նպատակով, Գերմանիային խորհուրդ է տվել «չմտնել հայկական սփյուռքի կազմակերպած խաղերի մեջ»:
Շեները հայտարարել է, որ «1915-ի դեպքերը» իբրև ցեղասպանություն որակող բանաձևը չի արտացոլում իրականությունը` կրկին մեջբերելով պատմաբանների հանձնաժողով կազմելու թուրքական կողմի առաջարկը:
Թուրք պաշտոնյայի խոսքով վերջին 14 տարում Էրդողանը Թուրքիան դարձրել է այնպիսի երկիր, որը կարողանում է իր խոսքն ասել աշխարհին, ինչն անհանգստացնում է շատերին և հենց այդ անհանգստության պատճառով է, որ նշյալ ժամանակահատվածում հաճախակի օրակարգ է բերվում հայկական հարցը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին տեղի ունենալիք նիստում քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի օրակարգ բերելը առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը: