Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով դիմել է Գերմանիայի կանցլերին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի` հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկումներին ու քվեարկությանը:
Թուրքիայի կառավարության ղեկավարը գերմանացի պաշտոնակցին հայտնել է, որ իրենք այդ հարցում Գերմանիայի կառավարությունից ու Բունդեսթագից ողջամիտ վերաբերմունք են ակնկալում:
Ըստ թուրքական «Karar.com» լրատվակայքի՝ Յըլդըրըմը մասնավորապես ասել է. «Թուրքիայի կառավարությունը, Գերմանիայում և Թուրքիայում ապրող միլիոնավոր թուրքերն անհանգստությամբ են հետևում Գերմանիայի խորհրդարանում անհիմն ու անիրավ քաղաքական վճիռներ պարունակող նախաձեռնությանը: Մենք այս հարցում Գերմանիայի կառավարությունից ու խորհրդարանից ողջամիտ վերաբերմունք ենք ակնկալում»: