08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Էջմիածնում նշվեց Հարության տոնը /ֆոտո/

Մարտի 31-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայրապետական Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,  ինչպես նաեւ ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության եւ մշակույթի գործիչներ եւ բազում ուխտավոր հայորդիներ:

Հայրապետական թափորի ամպհովանին կրում էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը: Ս. Պատարագին Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը եւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Պատարագի ընթացքում հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ու օրհնությունը հղեց աշխարհասփյուռ հայ ժողովրդին` ավետելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՊԱՏԳԱՄԸ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

(Սուրբ Էջմիածին, մարտի 31, 2013 թ.)

 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

 

 

                        «Զի կեանս յաւիտենականս ետ մեզ Աստուած,

եւ այս են կեանքն, որ յՈրդին Նորա են»

                                                                                             (Ա Յով. Ե 11):

           

            Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

            Բացվող գարնան ջերմության եւ նոր կյանքով լցվող բնության զարթոնքի հետ մեր հոգիներում այսօր «Քրիստոս յարեաւ» հրեշտակաձայն ավետիսով թեւածում են Հարության տոնի հույսն ու խնդությունը` նորոգելով ու զորացնելով մեզ վստահության մեջ, որ «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ, եւ այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»:

            Առաքյալի այս խոսքը վկայում է մարդկության պատմության ընթացքը վերափոխած իրադարձության մասին, որը կատարվեց, երբ խաչված եւ գերեզմանում դրված Քրիստոս հարություն առավ մահվանից: Այդ պահից մահն իշխանություն չունի մարդկանց վրա, մեղքը քավված է, մահվան թագավորությունը խորտակված: Գերեզմանից այն կողմ փրկության ու հավիտենական կյանքի լույսն է, որ պայծառորեն շողում է այսօր մեր հոգիներին` նորոգելով մեզ մեր հույսի ու հավատքի մեջ:

            Քրիստոսի Հարության հավատքը ուժ եւ զորություն է բերում միշտ վեր հառնելու եւ ապրելու այն կյանքը, որ Աստծո Որդու մեջ է: Այդ կյանքի հիմքը սերն է, նվիրաբերվող սերը, այն սերը, որով Աստծո Որդին աշխարհ եկավ, փրկչական Իր առաքելությունը իրականացրեց եւ պատգամեց Իր աշակերտներին ու հետեւորդներին ասելով. «Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց» (Յովհ. ԺԳ 34): Մարդկային կյանքի հիմքում Քրիստոս դրեց սերը, որպեսզի կատարյալ լինի մարդը, եւ ոչինչ չպակասի մարդուն: Սերը ստեղծում է, կերտում ու հաստատում եւ ոչ` կործանում. լուսավորում է, հուսադրում, խինդ ու երանություն է պարգեւում եւ ոչ` անորոշության ու վհատության մատնում, վիշտ ու տրտմություն բերում: Սերը բարիքի ու երջանկության աղբյուրն է, վեմն է խաղաղության ու արդարության, քաջալերությունը` միմյանց աջակցության ու զորակցության` հանուն մարդկության բարօր, միշտ զարգացող առաջընթաց կյանքի:

            Այսօր Քրիստոսի Հարության տոնի բերկրանքի հետ Մեր սրտում նաեւ ափսոսանքն է, որ մարդկության կյանքում ամենուր եւ մշտապես չի դրսեւորվում մեր Տիրոջ պատգամած սերը մարդու եւ Աստծո ողջ արարչագործության հանդեպ: Երկու հազարամյակ քարոզվող քրիստոսապատվեր սիրո սերմերը ընկնում են հաճախ Աստծուց հեռացած հոգիների անբերրի ապառաժի վրա, կամ արդյունք չեն տալիս մարդկային անհոգության պատճառով, եւ կամ չարն է հափշտակում Տիրոջ կողմից սերմանվածը` սփռելով որոմ եւ մոլորեցնելով  մարդկանց առ բարին ընթացքների մեջ: Ներկայիս աշխարհաքաղաքական ու ֆինանսատնտեսական բարդ զարգացումները, զորացող անձնակենտրոն մտածողությունը, հոգեւոր-բարոյական արժեքների անտեսումը նոր հակասություններ ու հակամարտություններ, խնդիրներ ու հոգսեր են առաջ բերում հասարակությունների կյանքում եւ մարդկային հարաբերություններում: Խաղաղ ու ներդաշնակ կյանքը խաթարող այսպիսի իրողություններից վեր հառնելու ուղին է լուսավորում այսօր հնչող ավետիսը Քրիստոսի Հարության` բերելով պատգամը այն կյանքի, որ Աստծո Որդու մեջ է: Իրական է այդ կյանքը, մատչելի եւ հասանելի ամենքիս: Երբ մարդկային խոհերն ու գործերը ծնունդ են առնում եւ առաջնորդվում Աստծո հանդեպ հավատքով ու միմյանց հանդեպ սիրով, դա Քրիստոսի մեջ եղող կյանքն է: Երբ խնամքն ու աջակցությունը հասարակության նկարագիրն ու բնական վիճակն են, դա Քրիստոսի մեջ եղող կյանքն է, երբ 30 արծաթով չեն հարթվում հուդայական կեղծիքի ու մատնության ուղիները եւ պիղատոսյան անտարբերությամբ անարդարություններ չեն իրագործվում, դա այն կյանքն է, որ Քրիստոսի մեջ է, երբ նեղության, թե լիության մեջ աղոթքը եւ առ Աստված փառաբանությունն են մարդկանց շուրթերին, ու ընտանիքներում հասակ են առնում բարեպաշտ զավակներ` դա այն կյանքն է, որ Քրիստոսի մեջ է, եւ որին Աստծո բարեխնամ շնորհով կանչված է մարդկությունը:     

            Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր մեզ համար շարունակում են մտահոգիչ մնալ հայրենական եւ ազգային մեր կյանքը հուզող լուրջ մարտահրավերները` Ղարաբաղի հիմնահարցը, մեր երկրի շրջափակումը, սոցիալ-տնտեսական խնդիրները, արտագաղթը, կեղծ արժեքների ու բարքերի ներթափանցումը: Անհանգստացնող են նաեւ վհատության, վատախոսելու տրամադրությունները, փոխադարձ վստահության պակասը, միմյանց ունկնդիր լինելու անպատրաստակամությունը եւ անհաշտ պարտադրանքը սեփական ճշմարտության: Վանենք մեզանից այսպիսի դրսեւորումները: Մեր ճշմարտությունը նորանկախ Հայաստանն է` դարերի անմար երազը մեր պապերի ու հայրերի. ազատագրված Արցախը` մեր ոգու նորօրյա հերոսացումը, մեր հպարտ հաղթանակը: Մեր ճշմարտությունը նեղության, դժվարությունների դիմակայող մեր ժողովուրդն է, պատերազմի սպառնալիքի ներքո հայրենի սահմանները պաշտպանող Հայոց բանակը, աշխարհասփյուռ մեր համայնքներն են` հանապազ մարտնչող ազգային եւ հոգեւոր ինքնության համար, այսօր վտանգված, հյուծվող սիրիահայ համայնքն է` կարոտ սատարումի ու աջակցության: Այս իրողություններն են մեր առջեւ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ: Մեր Հայրենիքի հզորացման, մեր ծաղկուն կյանքի կառուցման, ազգային վերածնության ու զարթոնքի մեր տեսիլքների ու իղձերի  իրագործման համար մեկ ճանապարհ ունենք` այն կյանքը, որ Աստծո Որդու մեջ է:

Փրկչի հարության ավետիսով նորոգենք մեր ուխտը Աստծո հետ, գոտեպնդվենք հավատքով, հարուցյալ կյանքի հույսով` հաղթահարելու համար առկա նեղություններն ու դժվարությունները: Մերժենք մեր կյանքից երկյուղ, վհատություն եւ ամեն տարակույս, որ կարող են ջլատել մեր ժողովրդին ու մեր միասնականությունը, եւ միմյանց զորակցությամբ իրագործենք հայրենաշեն ու ազգաշեն մեր բոլոր ծրագրերն ու նվիրական նպատակները: Մեր Տիրոջ կողմից վկայված եւ պատգամած սիրով ապրենք, որպեսզի յուրաքանչյուրիս հաջողությունը, ձեռքբերումը ծառայեն ընդհանուր բարօրությանն ու առաջընթացին, հաղթանակ, փառք ու պատիվ դառնան մեր երկրի եւ ողջ ազգի համար, եւ մենք մնանք հավատարիմ ու սեփական ժողովուրդ Աստծո` արժանի Տիրոջ երկնային շնորհներին ու պարգեւներին:

            Մեր Տիրոջ հրաշափառ Հարության ավետիսով ի Քրիստոս եղբայրական Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք հղում Առաքելական մեր Սուրբ  Եկեղեցու  Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին, Քույր Եկեղեցիների շնորհազարդ հոգեւոր Պետերին:

            Հարուցյալ Տիրոջ շնորհների հայցով ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ողջ ավագանուն` մաղթելով արդյունաշատ գործունեություն եւ մնայուն ձեռքբերումներ` հանուն մեր երկրի եւ մեր ժողովրդի լուսավոր գալիքի:             Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության ավետիսով Մեր օրհնությունն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով երկնային ամենայն բարիք եւ գործոց հաջողություն:

            Հայրապետական Մեր սերը եւ օրհնությունը` մեր Սուրբ Եկեղեցու ուխտյալ սպասավորներին եւ հավատավոր Մեր զավակներին ի սփյուռս աշխարհի:

            Աղոթում ենք, որ հարուցյալ մեր Տիրոջ շնորհները հեղվեն մարդկանց հոգիներին, որպեսզի աշխարհում ամենուր հաստատվեն եւ արգասավորվեն խաղաղությունը, միմյանց հանդեպ սերն ու արդարությունը: Թող Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին` ի սփյուռս աշխարհի եւ օրհնի բոլոր ջանքերը` հանուն մեր կյանքի բարօրության ու մեր հավատքի պայծառության, որպեսզի ազգս հայոց այսօր եւ միշտ խնդությամբ ավետի`

 

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւն Քրիստոսի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ