Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է ԱՄՆ-ին
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է այն հանգամանքը, որ ամերիկացի զինվորների հագուստի վրա փակցված է եղել Սիրիայի քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) զինանշանը: Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` Չավուշօղլուն անընդունելի է համարել նշյալ փաստը, պնդելով թե YPG-ն ահաբեկչական կազմակերպություն է, և ԱՄՆ-ը որպես ահաբեկչության դեմ պայքարող երկիր չպետք է աջակցի այդ կառույցին:
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը իր քննադատության մեջ մասնավորապես ասել է.
«Խորհուրդ ենք տալիս նրանց, Սիրիայի այլ շրջաններ գնալու ժամանակ փակցնել Իսլամական պետության, Ալ-Նուսրայի և Ալ-Կաիդայի զինանշանները: Աֆրիկա գնալու ժամանակ էլ թող փակցնեն Բոկո հարամի զինանշանը»:
Նշենք, որ Պենտագոնի խոսնակ Պիթեր Կուկը հրաժարվելով մեկնաբանել ամերիկացի զինվորականների լուսանկարները, միայն ասել է, որ ամերիկացի զինվորները նախկինում էլ օգտագործել են իրենց գործընկերների խորհրդանիշները:
Նշենք, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետության» դեմ պայքարում աջակցում է YPG-ին: ԱՄՆ մի քանի անգամ հայտարարել է, որ YPG-ին ահաբեկչական կառույց չի համարում, իսկ Թուրքիան պնդում է, թե այն ահաբեկչական է: