Րաֆֆին ժամադրեց Սյունիքի մարզպետին /վիդեո/
Ապրիլի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանը լինելու է Կապանում: Այսօր Ազատության հրապարակում նա պատասխանեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Ըստ մամուլի Սուրիկ Խաչատրյանը ասել է, թե ինքը պատրաստ է “Հայաստանի աչքի առաջ ջարդել Րաֆֆիի գլուխը”:
Հովհաննիսյանի խոսքով, գուցե դա “պարոն մարզպետի” վերջին հարցազրույցը լինի:
“Կարդացի, ինքը մի տեղ գրել է, որ պարոն Լիցկայի մականունը հպարտության համար է: Եթե ես իրեն խոցել եմ, ես իրեն կասեմ, պարոն Խաչատրյան, ներողություն, որ ես միգուցե խոցել եմ ձեր փխրուն հոգին: Կարող է ինքը գնացել է եւ Արցախյան ազատամարտում որոշ ծառայություն տվել է: Եթե արել է՝ իր կյանքի այդ հատվածն արժանի է հարգանքի: Ոչ մեկը թող այդ հատվածի վրա ստվեր չգցի:
Բայց ինքն արդեն անցել է ուրիշ հռետորաբանության եւ իմ հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հասցեին այնպիսի կեղտոտ, կեղծավոր, սուտ բաներ է ասել… Ես իր ներողությունը չեմ խնդրում, որովհետեւ այդ կեղտոտ արարածը, որ խոսեց Ռիչարդ Հովհաննիսյանի մասին՝ ոչնչությո՛ւն է”,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` Սյունիքի մարզպետին ասելով. “Դու զրոյից ցածր ես”:
Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը ժամադրեց Սյունիքի մարզպետին:
“Եվ եթե դուք սպառնում եք, որ իմ գլուխը պիտի ջարդեք, ես ձեզ ժամադրում եմ Կապան՝ երկուշաբթի ժամը 10-ին՝ ժողովրդի առաջ”,-ասաց նա: