15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եվրոպացի պաշտոնյաները պատասխանել են Էրդողանի սպառնալիքներին

Մի շարք եվրոպական պաշտոնյաներ պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն սպառնալիքներին, որոնցում ասվում է, թե ԵՄ-ի կողմից  վիզային ռեժիմը չչեղարկելու դեպքում Թուրքիայի խորհրդարանը չի հաստատի Հետ ընդունման (Ռեադմիսիայի) համաձայնագիրը:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը թուրքական կողմին հորդորել է դադարեցնել սպառնալիքները, քանի որ դրանք որևէ արդյունք չեն տալու:

«Սպառնալիքները ամենալավ դիվանագիտական գործիքները չեն: Այդ իսկ պատճառով պետք է վերջ դրվի դրանց, քանի որ սպառնալիքները որևէ ազդեցություն չեն ունենալու»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Յունկերը այնուամենայնիվ հույս է հայտնել, որ Թուրքիան հավատարիմ կմնա ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել նաև Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» խորհրդարանական խմբակցության նախագահ Թոմաս Օպերմանը. «Ի պատասխան Թուրքիայի սպառնալիքների` ԵՄ-ն պետք է անցնի «պլան Բ»-ին` պաշտպանելով իր սահմանները»: Օպերմանը նշել է նաև, որ Եվրոպան կարիք ունի սահմանային կանոնադրության և փախստականների հետ կապված օրենքների փոփոխության:

Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Պետեր Դոսկոցիլն էլ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Թուրքիայի կողմից Հետ ընդունման համաձայնագրի առկախմանը:

«Ցանկանում ենք Թուրքիային տեղյակ պահել, որ մենք ընդունակ ենք պահպանել մեր սահմանները»,- հայտարարել է Դոսկոցիլը:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրված Միգրացիոն համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ը պարտավորվել էր չեղարկել Թուրքիայի քաղաքացիների համար կիրառվող վիզային ռեժիմը պայմանով, որ Անկարան կկատարի առաջադրված 72 կետանոց նախապայմանները, որոնցից մեկն էլ ահաբեկչության մասին օրենքի փոփոխությունն էր: Սակայն Թուրքիան հրաժարվեց վերոնշյալ օրենքում փոփոխություն կատարելուց, ինչին ի պատասխան եվրոպական կողմը հայտարարեց, որ վիզային ռեժիմի չեղարկումը չի կարող իրականություն դառնալ, քանի դեռ նշյալ օրենսդրական փոփոխությունը չի կատարվել: Այս ամենից վրդովված Էրդողանն էլ օրերս սպառնացել էր Եմ-ին, որ Թուրքիայի խորհրդարանը չի հաստատի միգրացիոն համաձայնագրի կետերից մեկը հանդիսացող Հետ ընդունման համաձայնագիրը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ