Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարին եւ դպրոցն ավարտելու առթիվ:
Դպրոցը միացրեց ձեզ ու ձեր ճանապարհները: Այսօր բաժանվում են ձեր ճանապարհները, բայց վստահ եմ՝ ոչ դուք, որովհետեւ դպրոցում անցկացրած ժամանակահատվածը կյանքի այն շրջանն է, որը ոչ միայն խոր հետք է թողնում մարդկային փոխհարաբերությունների վրա, այլեւ հաճախ անբաժանելի դարձնում շատերին:
Ձեր ճանապարհներն այսօր բաժանվում են տարբեր ուղղություններով` դեպի զինվորական ծառայություն եւ բարձրագույն ուսումնական կամ միջին մասնագիտական հաստատություն, դեպի աշխատավայր կամ արվեստի ու սպորտի աշխարհ: Միաժամանակ դուք շարունակում եք միավորված մնալ մեկ` հայրենիքի ճանապարհի միջոցով, որի մի կարեւոր հանգրվանն էլ դպրոցն է: Այն ձեզ տվեց գիտելիք ու զգացմունք, շփվելու, մտածելու փորձառություն, աշխարհայացք ու կենսակերպ, որոնք դուք զարգացնելու եք ձեր կյանքի հաջորդ հատվածներում:
Սիրելի՛ շրջանավարտներ, հայրենիքի ճանապարհը սկսվում է յուրաքանչյուրիդ ընտանիքից, ամրանում դպրոցում, այնուհետեւ շարունակվում այնտեղ, որտեղ կհայտնվեք ճակատագրի շնորհիվ եւ ձեր ջանքերի արդյունքում: Որտեղ էլ լինեք, համոզված եղեք, որ հայրենիքի ճանապարհն անմոռանալի է, հայրենիքը`
անփոխարինելի: Այդ գաղափարով են ձեզ դաստիարակել ձեր ծնողները, դա են ձեր մեջ սերմանել եւ դրանով ձեզ կրթել ձեր ուսուցիչները, այդպես պիտի մտածեք, ապրեք ու գործեք ձեր ողջ հետագա կյանքում: Այն հերոսների մեծ մասը, ովքեր ապրիլյան վերջին պատերազմի օրերին հերոսաբար եւ անձնվիրաբար պաշտպանեցին հայրենիքը, ընդամենը մեկ-երկու տարի առաջ էին ավարտել դպրոցը, որի վերջին զանգը նրանց ճանապարհել էր ծառայելու զինված ուժերում:
Համոզված եմ, որ դպրոցից սկսվող ու այսօր հնչող դպրոցական վերջին զանգով շարունակվող ձեր ճանապարհը երբեք չի զատվելու հայրենիքի ճանապարհից` նրան անվերապահ նվիրվելու, արժանապատվորեն ծառայելու, այն շարունակաբար շենացնելու ճանապարհից:
Եւս մեկ անգամ շնորհավորելով դպրոցական վերջին ուսումնական տարվա ավարտի` ձեր կյանքում այս նշանակալից իրադարձության առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, երջանիկ, բարեկեցիկ եւ հաջողություններով լեցուն կյանք»: