Գերմանիան հաստատում է Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ Թուրքիան քնած է․ թուրք հոդվածագիր
Թուրք հոդվածագիր Ուղուր Դյունդարը «Գերմանիան հաստատում է Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ Թուրքիան քնած է» վերտառությամբ հոդվածում ներկայացրել է Գերմանիայի կողմից բանաձևի հավանական ընդունմանը նպաստող պատճառների մասին իր և դիվանագետ նախկին դեսպան Շյուքրու Էլեքդաղի տեսակետը:
Դյունդարը կարծիք է հայտնել, որ Անկարան իր համար կենսական նշանակություն ունեցող այս խնդիրը աչքաթող է արել՝ մի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարի, մյուս կողմից վարչապետի փոփոխության պայմաններում ստեղծված անկայունության հետևանքով: Դյունդարը, նշելով, որ գերմանական մամուլում բանաձևի ընդունման մեծ հավանականության մասին լուրեր են շրջանառվում, խիստ մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ Թուրքիայի խորհրդարանի, կառավարության և ԶԼՄ-ի կողմից այս ամենին հակազդող պատշաճ միջոցառումներ չեն իրականացվում:
Թուրք դիվանագետ Շյուքրու Էլեքդաղն էլ նշել է, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ընդունման հիմնական պատճառներից մեկը կարող է այն լինել է, որ այդ երկիրը, որն իրականացրել է հրեաների ցեղասպանությունը ու այժմ հանդիսանում է աշխարհում ամենամեծ հանցագործության մեղավորը, մեղսակից է փնտրում: Իսկ այս հարցում Թուրքիան Բեռլինի համար ամենահարմար թիրախն է:
«Չնայած, որ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացի քաղաքական գործիչները հրեական ցեղասպանության ողջ մեղքը բարդել են միայն նացիստական ղեկավարության վրա, այնուամենայնիվ, այդ հանցագործության ծանր մեղքը չեն կարողացել ջնջել գերմանական կոլեկտիվ հիշողությունից: Մեղքի և ամոթի զգացումը գերմանական հասարակության վրա հոգեբանական ազդեցություն է թողել: Ահա այդ պատճառով Գերմանիան այդ մեղքը (ցեղասպանության) կիսելու համար հանցակից է որոնում և խիղճը մաքրելու նպատակով աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- ասել է Էլեքդաղը: