Մեջլիսի հայ պատգամավորը դատի է տվել «Գորշ գայլեր»ից մեկին ու շահել դատը
Թուրքիայում ավարտվել է խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի կողմից դեռևս անցած տարի ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդին:
«Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք» արտահայտության համար դատարանը «Ülkü Ocakları» (Գաղափարական օջախներ) անվանումով Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին դատապարտվել է 7 ամիս 15 օր ազատազրկման և 11.240 թուրքական լիրա դրամական տույժի (շուրջ 3.800 դոլար): Դատավճռի հրապարակումը սակայն հետաձգվել է` հաշվի առնելով, որ Ադըգյուզելը նախկինում դատապարտված չի եղել:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Ադըգյուզելի վերոնշյալ սպառնալիքի պատճառ էր դարձել 2015 թվականի հունիսի 21-ին հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի կազմակերպած համերգը:
Ադըգյուզելը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ արտահայտել էր իր «վրդովմունքը» և հնչեցրել հայերի որսի մասին տխրահռչակ արտահայտությունը: Բացի այդ սպառնալիքներ էր հնչեցրել Թուրքիայում իրենց ազատ զգացող հայերի հասցեին:
Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» անդամ Փայլանն արձագանքել է Կարսի դատարանի վճռին` բնութագրելով այն հուսադրող:
«Ատելություն պարունակող արտահայտությունները ճանապարհ են հարթում ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների առաջ: Այս դատավարության շրջանակներում հայկական ինքնությանն ուղղված ատելություն պարունակող արտահայտությունների դատապարտումը հուսադրող է:
Հուսադրող է թե հայերի և Թուրքիայի հասարակության` հաշտությանն ու արդարությանը հավատացող հատվածի համար: Մենք շարունակելու ենք պայքարը այլատյացություն ու ատելություն պարունակող ցանկացած հանցագործության դեմ: Եվ մեր պայքարը շարունակելու ենք մղել հանուն արդարության, հանուն հասարակական համերաշխության»,- նշել է մեջլիսի հայ պատգամավորը: