Եվս 90 ավտոբուս
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել մասնավոր ընկերությունների կողմից ներկրված նոր ավտոբուսների հերթական խմբաքանակը: Պատասխանատուները ավտոբուսներով կատարած պտույտի ընթացքում քաղաքապետին ներկայացրել են դրանց տեխնիկական հնարավորություններն ու ուղեւորների համար ստեղծված պայմանները:
Նոր ավտոբուսները Երեւան են բերվել քաղաքային իշխանությունների կողմից մայրաքաղաքում իրականացվող հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի շրջանակում` 2012 թվականին հաստատված մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի դրույթներից ելնելով, որոնց հիմքում միկրոավտոբուսների թիվը տարեց տարի կրճատելն ու դրանք միջին տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելն է: 2012 թվականի սկզբից մինչ օրս Երեւան է ներկրվել 350 ավտոբուս, որից 90-ը մասնավոր ընկերությունների կողմից` 2013թ-ի առաջին եռամսյակում:
“Նախ իմ գոհունակությունն եմ հայտնում մասնավոր ընկերություններին` տրանսպորտի ոլորտի բարեփոխումներին աջակցելու եւ միկրոավտոբուսների փոխարեն նոր ավտոբուսներ ներկրելու համար: Նաեւ նշեմ, որ մենք շարունակելու ենք մասնավորի հետ բանակցությունները, որպեսզի քաղաքային երթուղիները համալրենք անհրաժեշտ եւս 200-300 ավտոբուսներով` առկա պահանջարկը լիարժեք բավարարելու համար: Իսկ արդեն այս տարեվերջին, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում կշահագործվի շուրջ 760 ավտոբուս”,- նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը անդրադարձել է նաեւ տրանսպորտի սակագնի բարձրացման մասին վերջերս շրջանառվող խոսակցություններին՝ մեկ անգամ եւս վստահեցնելով, որ նման որոշում չի կայացվել ու առաջիկայում չի նախատեսվում. “Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել եւ առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ”,-ընդգծել է քաղաքապետը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն