Ջավախքի վերականգնողական կենտրոնի սաների ցուցահանդես-վաճառքը
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող վերականգնողական կենտրոնը կազմակերպել էր ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին Սուրբ Հարության թեմայով ցուցանմուշմներ:
Ցուցահանդես-վաճառքը մեկնարկեց մարտի 27-ին, սակայն այն բաց է այցելուների համար մինչև Ս. Զատիկ: Այցելուները կարող են գտնել թաղիքից պատրաստված տարբեր առարկաներ՝ գունավոր ձվեր, էջանիշեր, մոմակալներ, ծաղիկներ, կավից պատրաստված ամաններ և այլն:
Այն ինչ ներկայացված էր ցուցահանդես-վաճառքին պատրաստել էին վերականգնողական կենտրոնի սաներն իրենց իսկ ձեռքերով: Սա երեխաների թվով երրորդ ցուցահանդես-վաճառքն էր:
Վերականգնողական կենտրոնի դասվար Ռուզաննա Երեմյանի խոսքերով նմանատիպ միջոցառումները ոգևորում են երեխաներին. “Սա խրախուսանք է: Երեխաները պետք է զգան, որ իրենք ևս մեր հասարակության մաս են կազմում: Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ երեխաների աշխատանքները, որպեսզի երեխաները ոգևորվեն: Զգան, որ իրենք ևս կարող են փող վաստակել սեփական ձեռքերով”:
Ցուցահանդես-վաճառքներից գոյացած գումարը գնում է երեխաների համար ստեղծված հատուկ ֆոնդ:
Վերականգնողական կենտրոն հաճախում են շաբաթական երկու անգամ, 7 –ից 18 տարեկան 10 երեխա: Արդեն երկու տարի է գործում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից վերականգնողական կենտրոնը:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան