Նախարարը բավարարեց տաքսիստներին /վիդեո/
Տաքսու վարորդները շարունակում են բողոքի ակցիաները` ընդդեմ կառավարության նոր նախագծի, ըստ որի` տաքսիների դեղին համարանիշները փոխարինվելու են սպիտակով: Բոլոր տաքսու վարորդներին տրվելու են կպչուն թղթեր, որոնք կփակցվեն մեքենայի դիմապակուն:
Բողոքավոր տաքսիստներին հանդիպեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա լսեց վարորդների առաջարկները, մտահոգություններն ու պարզաբանումներ տվեց:
Նախ` ինչո՞ւ են դեղին պետհամարանիշները կրկին փոխարինվում սպիտակով։ Տաքսիստների հարցապնդումն ունի նաեւ պատճառաբանություն՝ եթե կառավարությունը դեղին պետհամարանիշներով չկարողացավ հավասար պայմաններ ապահովել տաքսիների գործունեության համար, ինչպե՞ս է հաջողելու սպիտակ պետհամարանիշների շահագործման դեպքում։ Աշխատանքային հավասար պայմաններ ապահովելուց բացի նրանք պահանջում են նաեւ հարկերի իջեցում։
“Ես ընդունում եմ, որ դուք չորս տարի եղել եք անհավասար դաշտում, բայց մենք արդարությունը վերականգնեցինք”,-ասաց նախարարը` հավաստիացնելով, որ հարկերն ավելանալու են 500 դրամով, բայց փոխարենը տաքսիստն այլեւս չի վճարելու գումար բուժծառայության համար։
“Վարորդ-ոստիկան համագործակցություն” ՀԿ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը տաքսիստների անունից ասաց, որ ոչ մեկը չի հավատում, որ կապահովվի օրինական դաշտ:
Հակադարձելով` Բեգլարյանն ասաց, որ Գ.Դոստուրյանն առաջնորդվում է իր շահերով, քանի որ նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ՀԿ-ն այլեւս չի կարողանալու տաքսիստներից 5000-ական դրամներ գանձել, քանի որ նրանք մուծելու են միայն պետական տուրք՝ 12 հազար դրամ՝ նախկին 17 հազարի դիմաց։
Տաքսիստների շահերի պաշտպանն էլ փորձեց նախարարին մեղադրել անգործության մեջ:
“Անբարո բաներ մի խոսա, ես ոչ մի բան չեմ քողարկում։ Ես չեմ թողնի որեւէ մեկին այս մարդկանց հաշվին գումար աշխատել, դրանցից մեկը դու ես”,- զայրացավ նախարարը։
Գագիկ Բեգլարյանը մանրամասն պարզաբանումներից հետո հարցրեց վարորդներին` հիմա “լա՞վ ա , թե՞ վատ ա”:
Մանրամասները` տեսանյութում:
Իսկ նախարար Գագիկ Բեգլարյանի հարցազրույցը լրագրողներին դիտեք այստեղ
http://www.youtube.com/watch?v=3bT9sOXNp-Q&feature=youtu.be
Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը երբ զրուցում էր վարորդների հետ, բողոքավորներին հանդիպելու համար եկան նաեւ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Սակայն նրանք երկար կանգնելուց հետո հեռացան, այդպես էլ չմոտենալով նախարարին եւ բողոքավորներին: