Ծառուկյանի, Րաֆֆու և Տեր-Պետրոսյանի վարկանիշերը կընկնեն
”Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը ու Լևոն Տեր-Պետրոսյանը չեն գլխավորում իրենց կուսակցությունների ցուցակները: Դա նրանց վարկանիշը կարող է իջեցնել, մի բան է, երբ նրանք են գլխավորում, մի այլ բան, երբ նրանք չեն”,-այսօր ասուլիսում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Վերջինս նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններում պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև: Քանի որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջն է հավաքվել ընդդիմադիր ընտրազանգվածի մեծամասնությունը, ըստ Ադիբեկյանի, հիմնական խնդիրը լինելու է այն, թե ինչպես կդասավորվեն այդ ձայները:
Սոցիոլոգի խոսքով` ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի համար խնդիրն այն է, որ նրանց ձայների մեծամասնությունը գալիս է մարզերից, իսկ պայքարը Երևանի համար է:
Րաֆֆի Հովհաննիսյանը ևս այդ խնդիրն ունի, քանի որ Երևանում նրա իրական ընտրազանգվածը ընդամենը տասը տոկոս է կազմում: ”Երևանում ունի տասը տոկոս, որը թույլ կտա մտնեն ավագանի, բայց ինչ-որ մեծ ալիք անել, մեծամասնություն, դա բացառվում է”,-վստահ է նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունն այս անգամ էլ չկարողացավ համախմբվել, սոցիոլոգը պատմեց, որ ՀՅԴ-ական իր ընկերներից մեկն իրեն ասել է, որ ամբիցիաների պատճառով չի ստացվում միավորվել: