Սիրո ութերորդ օրենքը
«Ով գողանում էր այլևս թող չգողանա, ավելին` թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան ով կարիքի մեջ է»
(Եփես. 4:28)
Պողոս առաքյալն իր նամակում այս պատգամն է տալիս եփեսացիներին, որ այլևս միայն եփեսացիներին չի վերաբերում, այլ ամեն մի քրիստոնյայի: «Սիրո օրենքներ» հոդվածաշարի ութերորդ օրենքում հենց գողության մասին պետք է խոսենք:
Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Ղուկաս քահանա Բալայանը, անդրադառնալով տասնաբանյայի այս պատվիրանին, տարբերակում է առաջին հերթին հրեական միջավայրի և այժմյան քրիտոնեական շրջանի գողությունը.
« Հրեական միջավայրում գողություն հասկացությունն այլ էր. ով գողանար մի իսրայելացու և վաճառեր կամ ում մոտ գտնեին մի օտարազգի, այդ մարդը պետք է մահապատժի ենթարկվեր:
Տեր հայրը, որպես գողության դրդող հանգամանք առանձնացնում է ծուլությունն ու նախանձը, հաստատելով, որ մեղքերն իրար փոխկապակցված են և մի մեղքի մեջ լինելով շատ ավելի հեշտ է մեկ այլ մեղք գործելը:
Մեզ հաճախ թվում է, թե եթե որևէ մեկի նյութական ունեցվածքը չենք վերցնում, ուրեմն ազատված ենք այդ մեղքից, սակայն գողություն կոչվածը միայն նյութականից զրկումը չէ, այն նաև իր հոգևոր իմաստն ունի: Ի՞նչ է գողությունը. երբ մեկին զրկում ես մի բանից, որ իրեն է պատկանում, բայց արդյո՞ ք դա միայն նյութական ունեցվածքի զրկումն է, չէ որ մենք կարող ենք գողանալ նաև մարդու անդորրը, խաղաղությունը, ժամանակը և մինչև անգամ կարող ենք գողանալ մարդու սերը, հավատը, տաղանդն ու կյանքը:
Ի՞ նչ են անում աղանդավորական շարժումները, եթե ոչ գողություն: Ի՞ նչ է այդ հոգևորսություն կոչվածը, եթե ոչ գողություն և վերջապես ի՞ նչ է դիմացինին անհանգստացնելը, եթե ոչ գողություն: Ուրեմն, որևէ մեկս ազատված չենք այդ մեղքից այլ հակառակը` դրա կնիքը կրում ենք մեր ուսերին ու այդ բեռն օր օրի ավելի ծանրացնում:
Սակայն մենք մեկս մյուսից չէ, որ գողանում ենք: Կա քրիստոնեական մի պարզ ճշմարտություն, որ այն, ինչ մենք ունենք, մեզ չի պատկանում, այլ` Աստծուն: Չէ՞ որ Աստված տվեց մեզ այս բովանդակ աշխարհն իր բարիքներով, չէ՞ որ մեր ունեցածը Աստծուց շնորհ է և մինչև անգամ մեր նյութական ունեցվածքը Աստված է տալիս: Ուրեմն` մենք առաջին հերթին գողանում ենք Աստծուց:
Աստված այնքան է մեզ սիրել, որ անգամ այս պարագայում տվել է փրկության գաղտնիքի բանալին և այս մեղքի համարժեք առաքինությունը, որն է ողորմությունը: Ղուկասի Ավետարանում շեշտվում է` «Ողորմած եղեք, ինչպես ձեր Հայրն է ողորմած» (Ղուկաս 6:36), այսինքն` մեր ձեռքերը, որ դրոշմվում են որպեսզի բարեգործություններ անենք և առաքինութուններ գործենք, չպետք է այլևս գողանան այլ միայն տան, «Քանզի ով որ գիտի բարին անել և չի անում, այդ մեղք է նրա համար» (Հակ. 4:17): Ուստի, ի հակադրություն մեղքերի` մեզ օժտենք առաքինություններով և ողորմած լինենք ամենքս:
Հռիփսիմե Գալստյան
Աղբյուրը` holytrinity.am