Սերժ Սարգսյանին թույլ չեն տա, որ զիջի. Ադիբեկյան
”Մի աթոռի համար են կռիվ անում, իսկ մեկ աթոռի համար մեկ հոգի կարող է հաղթել”,-այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպմանն այսպես մեկնաբանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրությունը:
”Ինչքան էլ բանակցեն, գործող նախագահը չի զիջի, նրան թույլ չեն տա, որ զիջի: Նա բարոյական պարտականություններ ունի, պարտականություններ իր կողմնակիցների նկատմամբ, համագործակից պետությունների”,-ասաց Ադիբեկյանը: Վերջինս կարծում է, որ Հովհաննիսյանն ուղղակի ժամանակ է ձգում մինչև երդմնակալության օրը` ապրիլի ինը և դրանից հետո նրա ու նախագահի միջև կապն էլ կընդհատվի:
Նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղակի ”արբել” է իր քաղաքական վարկանիշով: ”Չեմ ուզում վիրավորել, բայց երբ փոքր գիշատիչը մսի համը տեսնում է, այլևս մոր կաթը չի խմում, ախորժակը բացվում է: Այսպես է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում: Նա քաղաքական վարկանիշ հավաքելով` կարծես թե արբած լինի”,-նշեց սոցիոլոգը: