Արցախում ասում էին` Սերժ Սարգսյանն ինչպե՞ս կարող է տարածք հանձնել. Ժամանակ
Թերթի զրուցակիցն է Ղարաբաղյան շարժման մասնակից Մարգարիտա Քարամյանը:
-Հենց այդ անջատման մասով’ մենք պայքարում ենք, ցանկանում ենք, որպեսզի ուղղվի Ռոբերտ Քոչարյանի օրոք արված այն սխալը, որ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային սեղանից, բայց այսօր պաշտոնական ՍտեփաՆակերտը չունի Հայաստանից տարբերվող դիրքորոշում ոչ մի հարցում, Սերժ Սարգսյանն ինչ բարձրաձայնում է, ինչ քայլի գնում է, պաշտոնական Ստեփանակերտը ոչ մի բողոք չի ներկայացնում, ամեն դեպքում’ պաշտոնական մակարդակով, մամուլով մենք չենք տեսնում, եթե կան ներքին քննարկումներ’ տեղյակ չենք, ուստի Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղանին ի՞նչ փաստարկով պետք է լինի, եթե չկա տարբերվող դիրքորոշում:
Գիտեք, ինչ-որ բան կոտրվել է Արցախի հանրության մեջ, որովհետեւ մինչեւ հիմա հույս ունեին, ասում էին չէ
` Սերժ Սարգսյանն ինչպե՞ս կարող է տարածք հանձնել, ինքը, լինելով ղարաբաղցի, ինչպե՞ս կարող է նման բան անել: Եվ այս պատերազմի ընթացքում, որ այս տարածքները կորցրեցիք, եւ մեր բանակն արդեն պատրաստ էր, տղաներն արդեն մոտեցել էին այդ դիրքերին, որ հետ բերեն, եւ հրաման է հնչում ինչ-որ այլ երկրից, որ մենք պետք է կանգնենք եւ չվերականգնենք մեր սահմանը:
Այսինքն՝ սա արդեն մարդկանց մեջ կասկածամտություն է առաջացրել: Իսկ Վիեննայից գալուց հետո, երբ որ Ս. Սարգսյանն ասաց, որ այդ տարածքները մեզ համար նշանակություն չունեն, եւ մենք չենք ուզում դրա համար կյանքեր զոհել … Բայց ով է ասել որ մենք կյանքեր կզոհենք, իսկ միգուցե մեր տղաները առանց զոհերի են վերցնելու այդ դիրքերը: Մենք պատրաստ նստած ենք, թե երբ է հնչելու հրամանը, թե երբ ենք վերականգնելու մեր պետական սահմանը, եւ հանկարծ այս սահմանը վերածում են ինչ-որ տարածքների, հեկտարների, զավեշտալի ինչ-որ մի բան:
Ես գիտեմ, որ մեր բանակում բոլորովին այլ տրամադրություններ են: Ասելով բանակ՝ ես չեմ ուզում տարբերություն դնել, ասել Հայաստանից եւ Արցախից, մեր տղաները բոլորն էլ հերոսներ են, նրանք չեն նայի ոչ մի քաղաքական որոշման, իրենք գիտեն, որ պետք է վերականգնեն Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը, որովհետեւ այդ պետական սահմանը ճեղքվելուց հետո մենք հայտնվել ենք մեծ վտանգների առջեւ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարւմ: