“Ո՞ւր ա Լենինի արձանը, Սպանդարյանը եւ ԲՀԿ-ի գարնանային սրացումները /վիդեո/
“Ես երեւանցի տղա եմ, բայց ես իմ Երեւանը չեմ ճանաչում, մանկությանս ամբողջ հիշողությունները ոչնչացրել եք: Ինձ համար գոյություն ունի Սպանդարյանի անվան հրապարակ, գնացեք ձեզ համար Նժդեհի հրապարակ գտեք”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` հենց այս պատճառով դժգոհելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքից:
Henaran.am-ի այն հարցին, եթե ԲՀԿ-ն հաղթի ավագանու ընտրություններում, կվերականգնի նախկին անվանումները` պատգամավորը պատասխանեց` այո, ես պահանջելու եմ:
ԲՀԿ-ական գործընկերոջը հակադարձեց ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:
“Լավ ա չասեցիր Լենինի արձանը հետ բերեք: Դու չգիտես՝ Նժդեհը ազգային արժեք է, ազգային հերոս”,-ասաց Սահակյանը, ով Խաչատրյանին ԲՀԿ-ական չի ընկալում, “այլապես կոշտ կխոսեր”:
Լյովա Խաչատրյանն էլ թե. “Լենինի արձանը մշակութային արժեք էր, հետո տասնյակ տարի Սպանդարյանն էր հերոս, հիմա Նժդեհը, հետո մեկ ուրիշը կլինի, դե սենց քանդելով ու փոխելով գնանք”:
Ապարանից ընտրված պատգամավորը դժգոհում է, որ Հայաստանում գազոնները ուրախ նպատակով չեն տրամադրում մարդկանց: “Սաղ աշխարհում գազոնները մարդկանց համար են, որ համբուրվեն, հաց ուտեն”:
Լյովա Խաչատրյանը “հանրապետական” գործընկերոջը տեղեկացրեց, որ Կոտայքից` Ծառուկյանի “մեղքով ” չի, որ արտագաղթում են, այլ սխալ տնտեսական քաղաքականության: Այստեղ Հովհաննես Սահակյանը հիշեցրեց երիտասարդ ԲՀԿ-ականների “գարնանային սրացումները”: Դրանք ՀՀԿ-ի համար վտանգավոր չեն, մայիսի 5-ին, ըստ Սահակյանի` անցնելու են:
Բանավեճի այլ մանրամասները` տեսանյութում: