Չստացվի այնպես, որ Րաֆֆին անժողովուրդ մնա /վիդեո/
՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը խորհուրդ է տալիս ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին երկխոսություն, բանակցություններ սկսելուց առաջ հաշվի առնել ընդդիմության նախկին դասերը:
՛՛Մենք պետք է դասեր քաղենք նախադեպային գործընթացներից: 2011 թվականին իշխանական մեքենան քարոզում էր իշխանության հետ ՀԱԿ-ի երկխոսությունը: Ժողովուրդը հանգստացավ և հրապարակը դատարկվեց, ՀԱԿ-ը մնաց առանց ժողովրդի:
Արդյունքում եղավ այն, ինչ դուք արդեն իմացաք. հինգ տարվա պայքարում թրծված Կոնգրեսը չմասնակցեց նախագահական ընտրություններին: Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հաշվի առնի սա, պետք է հաշվի առնի ընդդիմության անցած ճանապարհը՛՛,-այսօր ՛՛Ազատության՛՛ հրապարակում քաղաքացիական ֆորումի ժամանակ հայտարարեց Մակեյանը:
ԺՈՒԿ կուսակցության նախագահ Մանվել Գասպարյանը հավելեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա նամակը հուսադրող էր: Ըստ Մանուկյանի՝ Սերժ Սարգսյանը հաճախ ճնշվում է իր թիմակիցների կողմից, սակայն այս անգամ չի լսել նրանց և ճիշտ որոշում է կայացրել՝ պատասխանելով Հովհաննիսյանի նամակին:
՛՛Թիմը, որը ճնշում է նրան, ուսերի վրա է նստած, շատերը պատառ փախցնելու համար հայտնվել են այդ թիմում: Այս անգամ նախագահը խոհեմ է գտնվել, որ այդ առաջարկությունն արել է՛՛,-նշեց նա: Մանուկյանն ընդգծեց, որ որևէ մեկի նկատմամբ թշնամանք չունի և ընդամենը Հովհաննիսյանին խորհուրդ է տալիս խոհեմ քայլերով լուծում գտնել:
Ինչ պետք է անել, եթե երկխոսությունը չստացվի, ըստ Մակեյանի` այդ դեպքում առաջին քայլերը պետք է անել մինչև ապրիլի 9-ը: Իսկ ապրիլի 9-ին բոլոր հրապարակներում պետք է բազմաթիվ մարդիկ հայտնվեն ու այն դարձնեն համազգային ըմբոստացման օր:
20:00
”Մենք միասին՝ ես եւ իմ ընկերները, մենք տանելու ենք բոլոր ճակատների վրա: Բարդ հաղթանակի բարդ լուծումը տանելու ենք կոմբինացիայով, որը բերելու է հաղթանակի: Զուգահեռ ուղիները, որ գալիս են խաչմերուկ, բոլորը մեզ պետք են:
Բոլոր ուղիներին պետք է սնունդ և ուժ տրվի, քանի որ դա բերելու է հաղթանակի` Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնությամբ՛՛,-Ֆորումի ավարտին հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: