Մենք կարծում էինք, թե ապրիլի 24-ի խնդիրը հաղթահարել ենք․ Էրդողանի խոսնակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մի շարք կարևոր օրակարգային հարցերի շուրջ՝ անդրադառնալով նաև Գերմանիայի խորհրդարանի օրակարգում հայտնված Հայոց ցեղասպանության օրինագծին:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը տեղեկացմամբ՝ Էրդողանի խոսնակն ասել է, որ հունիսի 2-ին Բունդեսթագում քվեարկության է դրվելու ցեղասպանության մասին օրինագիծը, որի տեքստն ունենալու դեպքում հնարավորություն կունենան այն մանրամասն ուսումնասիրել:
«Մենք կարծում էինք, թե ապրիլի 24-ի խնդիրը հաղթահարել ենք, սակայն Հայոց ցեղասպանության մասին պնդումները կրկին օրակարգ են բերվում: Ցեղասպանությունը շատ լուրջ պնդում է: Իսկ առանց ապացույցների պնդումներ անել նշանակում է շահարկել հարցը»,- ասել է Քալընը՝ ընդգծելով, որ Թուրքիան այնպիսի քայլեր է կատարել այս հարցում, որ որևէ այլ երկիր չէր անի:
Ըստ նախագահի մամուլի խոսնակի՝ այդ քայլերից մեկն էլ պատմության համատեղ հանձնաժողով ստեղծելու կոչն էր, որին ո՛չ Հայաստանից, ո՛չ որևէ այլ երկրից արձագանք չեղավ:
«Լավ, իսկ ինչի՞ց են վախենում. պատմությունի՞ց, թե՞ փաստերից: Մեր այս կոչը դեռ ակտուալ է»,- հայտարարել է Քալընը՝ նշելով, որ պատմաբանների համապարփակ ուսումնասիրությունը լույս կսփռի այդ ժամանակաշրջանի վրա, ինչն էլ կարևոր ձեռքբերում կլինի թե՛ թուրքերի, թե՛ հայերի համար: