Կհարուցվի՞ քրեական գործ քաղաքապետի դեմ
Սյունիքի մարզպետարանի կողմից անցած տարի Սիսիանի քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Դրանք ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն` ընթացք տալու: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի տեղակալ Աշոտ Գրիգորյանն անցած տարի պաշտոնեական անփութության եւ խարդախության համար դատապարտվեց:
Սյունիքի մարզպետարանի հանրապետական գործադիր եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը համակարգող վարչության պետ Սեյրան Ավետիսյանը “Սյունյաց երկիր” թերթին ասել է, որ նման ստուգումներ իրականացվել են մարզի 30 համայնքներում: Միայն Սիսիանի քաղաքապետարանի ստուգումների արդյունքներն են ուղարկվել իրավապահ մարմիններին, քանի որ արձանագրված թերությունները շատ էին:
Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ քաղաքապետի բարեկամից 950 հազար դրամով գնվել է անսարք մի տրակտորի թափք, իսկ հետո այդ նույն գումարը փոխանցվել է քաղաքապետարան` որպես քաղաքապետի` Աղասի Հակոբջանյանի եղբոր` Բենիկ Հակոբջանյանի գույքահարկ: 2 մլն դրամով երկու հին դաշնամուր է ձեռք բերվել` խախտելով գնումների մասին ՀՀ օրենքը: Դաշանամուրներից մեկը քաղաքի երաժշտական դպրոցում է տեղադրված, մյուսը` մշակույթի պալատում:
Սյունիքի մարզի դատախազ Նորիկ Հակոբյանից փորձեցինք ճշտել, թե ինչ փուլում է գործի քննությունը: Նա Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում խորհուրդ տվեց դիմել գլխավոր դատախազության մամուլի քարտուղարին: Վերջինս էլ խոստացավ ճշտել գործի մանրամասներն ու լրացուցիչ տեղեկություն տրամադրել: