Կարճ ժամկետներում Գառնու դիտարանը կվերազինվի և կվերագործարկվի
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելեց Ասիայում և Արևելյան Եվրոպայում եզակի գիտահետազոտական կենտրոն հանդիսացող Գառնու դիտարան։
Արթուր Բաղդասարյանն ու Արմեն Երիցյանը շրջայց կատարեցին դիտարանում, տեղում ուսումնասիրեցին դիտարանի ներկա վիճակը, քննարկեցին վերագործարկման և վերազինման հնարավորությունները:
Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, իր խոսքում նշեց. “Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկումը շատ կարևոր նշանակություն ունի ազգային անվտանգության ապահովման համար: Այս համալիրն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի համար:
Ես մի քանի օր առաջ այցելեցի Բյուրականի աստղադիտարան, որը համարվում է ազգային արժեք: Ես կարծում եմ, որ այս համալիրը նույնպես պետք է դասել ազգային արժեքների շարքին, որովհետև աշխարհում երկրորդ հզորագույն ենթակառուցվածքն է: Այն հնարավորություն է տալիս իրականացնել լուրջ վերլուծություններ սեյսմիկ անվտանգության ապահովման գործում:
12 000 կմ շառավղով գործող կայանը ի զորու է կանխատեսել երկրաշարժը առնվազն 18 ժամ առաջ` հնարավորություն տալով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Մենք, oգտագործելով այս կայանի հզորությունները, կարող ենք ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի հեռավոր տիրույթում լուրջ աջակցություն ցուցաբերել ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը այլ նաև բազմաթիվ այլ երկրների: Կարճ ժամկետներում դիտարանը կվերազինվի և կվերագործարկվի”:
Արթուր Բաղդասարյանը հավելեց, որ ֆինանսական ռեսուրսներ են ներգրավվելու կայանը արդիականացնելու և ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինելու համար: Խորացվելու է նաև միջազգային համագործակցությունը նմանատիպ կայանների հետ, ինչը հնարավորություն կտա Հայաստան բերել աշխարհի` այս ոլորտում լավագույն փորձն ու գիտելիքները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ դիտարանի վերագործարկումը հնարավորություն կտա նոր և ավելի հուսալի դիտարկումների վրա գնահատել ՀՀ տարածքի երկրակեղևի լարված դեֆորմացիոն վիճակը, գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը, և որպես հեռահար կարևորագույն գիտական և սոցիալական խնդիր՝ կանխատեսել ուժեղ երկրաշարժերը:
Արմեն Երիցյանը նույնպես վստահություն հայտնեց, որ շատ կարճ ժամկետներում հնարավոր կլինի իրականություն դարձնել դիտարանի վերագործարկման ծրագիրը և արդյունավետ աշխատանքը: