Գնում են ”մատ անելու”.պահանջում են արտահերթ ընտրություններ /վիդեո/
՛՛Ամբողջ աշխարհում չկա մի դեպք, երբ ժողովուրդը կասկածում է ընտրության արդյունքներին ու նրան առաջարկում են սահմանադրական հանձնաժողով ու բարեփոխումներ անցկացնել։ Եթե ճգնաժամ է առաջացել ընտրությունների պատճառով, ապա այդ ճգնաժամը պետք է լուծել ընտրությունների միջոցով՛՛,–այսօր ՛՛Ազատության՛՛ հրապարակում քաղաքացիական ֆորումի շրջանակներում հայտարարեց ՛՛Ժառանգության՛՛ անդամ Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անցկացնել արտահերթ ընտրություններ։ Հարկ է նաև հասկանալ, որ հակասահմանադրականը ոչ թե արտահերթ ըտրությունների անցկացումն է, այլ այն, որ հակասահմանադրական ճանապարհով պահվում է երկիրը, խորհդարանը, որտեղ “ժողովրդին կեղեքողներն են նստած”։
՛՛Թվում է, թե դուք և բոլորս այստեղ կանգնած ոչինչ չենք անում, բայց տեսեք սրա արդյունքում ստիպված են լինում որոշակի արձագանքներ տալ, հարցազրույցներ տալ: Սա այն արդյունքն է, որ Հայաստանի համար օդի ու ջի նման պակասել է։ Այսօր նրանք արդեն արձագանքում են մեր լռությանը, մեր այստեղ կանգնելուն, այն, ինչ անում ենք այստեղ, դա ամենամեծ քաղաքականությունն է՛՛, –հավելեց Սաֆարյանը։
Ֆորումի մյուս զեկուցողը ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամ Վարդան Հակոբյանը հավելեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ այս նույն կազմով չի կարելի անցկացնել։
՛՛Չընդունել ընտրությունների արդյունքներն ու նրան գնալ նույն կազմով, ինչ իմաստ ունի դա։ Մենք չունենք դատարան, սամանադրական դատարան։ Մենք գնում ենք, որ մատ անենք՛՛,–շեշտեց նա։
Վարդան Հակոբյանը դեմ է իշխանության հետ բանակցություններին ու երկխոսությանը, քանի որ նրա խոսքով՝ Հայաստանում մինչ այժմ ոչ ոք բանակցության ճանապարհով հաջողության ու հաղթանակի չի հասել։
՛՛Մեր երկրում ոչ մի անգամ բանակցությունները արդյունքի չեն բերել։ Ես մատ անել եմ ուզում, երկխոսություն եթե լինի, մենք այնտեղ հաղթանակի հասնելու ոչ մի շանս չունենք։ Ո՞նց ենք անցնելու օրենսդրական փոփոխությունների, երբ խորհրդարանում մենք ոչ մի ձայն չունենք՛՛,–նշեց նա։
Սաֆարյանը նկատեց, որ եթե ժողովուրդը կանգնած լիներ իրենց կողքին, լիներ ամենաառաջին վստահված անձը, ապա պատկերն այլ կլիներ։ Այդ սխալը պետք է ուղղել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։
Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն, իհարկե, ուղղված էր Րաֆֆի Հովհաննիսյանին, և նա կմեկնաբանի, սակայն ինքը կարծում է, որ նախագահի համար երկխոսության ու բանակցությունների ընթացքում ավելի կարևոր է ոչ թե բովանդակությունը, այլ ձևականություններն ու ձևաչափերը։
Սաֆարյանը նշեց, որ երկրում վստահության բացակայություն կա։ ՛՛Ես գիտակցում եմ, որ այսօր ՀՀ–ում մեծագույն խնդիրներից մեկը վստահության ճգնաժամն է։ Չեմ ցանկանա որևէ կանխակալ գնահատական տալ հեղինակի անկեղծությանը, ուղղակի կրկնում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ մի վերջին անգամ հավատանք նամակագրի անկեղծությանը, որ նա ուզում է բանակցային գործընթաց տալ խնդրի լուծմանը։
Ժողովրդին խաբել անհնար է, ընդամենը կարելի է ժամանակ ձգել, սակայն ես չգիտեմ որևէ երկիր, որտեղ կոնֆլիկտները լուծվել են ոչ բանակցային ճանապարհով՛՛,–նշեց Սաֆարյանը։ Նա այսօրվա նամակում եւ նախագահի հայտնի ասուլիսի տրամադրություններում փոփոխություն է նկատում :
Այն ժամանակ, ըստ Սաֆարյանի, նախագահը մերժում էր ցանկացած լուծում, իսկ հիմա արդեն ցանկանում է իշխանության որոշ լծակներ տրամադրել ժողովրդին։ ՛՛Սա չի նշանակում խաբել, տեղի տալ, զիջել ժողովրդի հաշվին, թույլ տալ Սերժ Սարգսյանին տրանսֆորմացնել կոնֆլիկտն այնպես, ինչպես ինքը կցանկանար լուծել։ Ինչ ճանապարհով Սերժ Սարգսյանը իշխանությունը կվերադարձնի ժողովրդին, դա ձևականության խնդիր է, կարևորը որ նա դա անի և անի մինչ ապրիլի ինը՛՛։
Սակայն Վարդան Հակոբյանը կրկնեց, որ դեմ է բանակցություններին, և այս իշխանության հետ բանակցելու եղանակով հաղթանակի հասնելն, ըստ նրա, հեքիաթի ժանրից է:
Ֆորումի ավարտին իր տեսակետները արտահայտեց նաև Հովհաննիսյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուրն իրավունք ունի ազատ տեսակետ արտահայտել, սակայն նախ և առաջ պետք է ինքնաքննադատությամբ զբաղվել: Նա հեքիաթային չի համարում այդ հաղթանակը և հայտարարեց, որ ժողովուրդն արդեն հաղթել է: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ շատ ուժեր չմասնակցեցին նախագահական ընտրություններին, շատերը չէին հավատում իրեն, ասում էին, որ ընտրությունները մրցակցային չեն լինելու, սակայն այսօր տեսնում ենք, որ լրիվ այլ պատկեր է: