«Օգնիր եղբորդ, թե գցեմ եղբորս…». սիրիահայի զարմանքը
![](https://henaran.am/wp-content/uploads/2012/10/Բնակարան.jpg)
Սիրիահայ Սիմոն Կարոյանը վերջին դեպքերից հետո Հայաստան է տեղափոխվել: Մեկ ամիս է, նա վարձակալությամբ բնակարան է փնտրում եւ զարմանում: «Հայտարարության հետքով կը հեռաձայնիմ, վարձքը գրված է 60 հազար դրամ, բայց իմ խոսելուս նայելուն` կըսեն 120 հազար» ,-Henaran.am-ին պատմեց Սիմոնը:
Նրա ներկայացմամբ՝ անմիջապես զանգում է հայաստանցի զարմուհին, եւ բնակարանը դառնում է 60 հազար դրամ: «Բացատրում եմ, ասում եմ` տիկին քիչ առաջ ինչո՞ւ այլ գին ասեցիք, ասում ա հա` պարսիկ չի, թող տա էլի, էն կողմից ա եկել, փող կունենա»,-զրույցին միացավ Արմինեն` Սիմոնի բարեկամուհին՝ ավելացնելով, որ դա ասում է գործակալության աշխատակցուհին: Ստիպված Արմինեն է փորձում տուն գտնել իր սիրիահայ բարեկամի համար, որպեսզի չխաբեն եւ ավելորդ գումար չուզեն:
Սիմոնի պատմելով՝ իրենց մոտ` Սիրիայում, Լիբանանում նման կերպ չեն վարում: Ընդհակառակը, քաջալերում են, որպեսզի մի բիզնես, մի նոր «ձեռնարկ անես իրենց երկրու մեջ»: «Բա ուր մնաց եղբոր օգնելու ծրագիրը … գոնե բարոյապես օգնեն, ես կվճարեմ»,-ասում է Սիմոնը: