Նման բան չի եղել. ոստիկանությունը բացառում է
Henaran.am-ի տեղեկություններով, օրերս Սիսիանում քաղաքացիների եւ Սիսիանի հարկային տեսչության պետ Նաիրի Բախշյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանությունից հետո այդ քաղաքացիներին հրավիրել են ոստիկանություն:
Հիշեցնենք, որ Նաիրի Բախշյանը օրեր առաջ Սիսական փողոցում կանգնեցրել էր “Գազ 24”-ի մի վարորդի, դիտողություն արել նրան` արագ վարելու համար: Վարորդը հարկայինի պետին ասել էր, որ ինքը “գայիշնիկ չի” եւ իրավունք չունի կանգնեցնելու: Վիճաբանությունը վերածվել քաշքշոցի եւ հարկայինի պետը ապտակել էր Վարդան անունվ վարորդին, սակայն Henaran.am-ի հետ զրույցում Բախշյանը հաստատել էր վիճաբանությունը` հերքելով, որ ապտակել է:
Մեր հրապարակումից հետո ոստիկանությունը սկսել էր զբաղվել միջադեպի հանգամանքներով, բայց բերման ենթարկված քաղաքացիներին մի քանի հարց տալուց հետո` ոչինչ չի ձեռնարկվել: Այդ պահին, մեր տեղեկություններով, հարկայինի պետը զանգել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետին եւ ասել, որ մեղավորը ինքն է: “Եթե գործ սարքվի, ապա պիտի ես էլ կողմ լինեմ, ամոթ ա, բան պետք չի անել”,-ասել է Բախշյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ Սիսիանում նման միջադեպ չի եղել, եւ հնարավոր էլ չէր մարդկանց բերման ենթարկել: