՛՛Գնա տուն, պետք չի հոգս դառնաս ժողովրդի վրա հացադուլով՛՛
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը խորհուրդ է տալիս իր հայրենակից ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին չխոսել ժողովրդի անունից:
՛՛Թումանյանն ասում է՝ բոլորը խոսում են ժողովրդի անունից, ժողովուրդը չի ների: Ասում է՝ ո՞ւր ես ժողովուրդ, քեզ էլ են կեղծում: Հովհաննես Թումանյանը չէր կարող մասնակցել այս քվեարկություններին, այս տխուր պատկերը հետապնդում է մեզ, արդեն հարյուր քսան տարի է:
Պետք չի շահարկել ժողովուրդ հասկացությունը, մեր ժողովուրդը մեղք է, հազար դարդ ունի: Ի՞նչ իմաստ ունի ժողովրդի անունից ժողովուրդը պառակտող հայտարարություններ ասել, մարդկանց պառակտում են չէ՞՛՛,-հայտարարեց հրապարակախոսը:
Տեր-Գուլանյանը կարծում է, որ Հովհաննիսյանը պետք է հասկանա, որ կյանքը չավարտվեց նախագահական ընտրություններով: ՛՛Հանրապետության նախագահն ընտրվեց, ժողովուրդը գնացել է տուն: Ճիշտ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը, գնա տուն և քաղաքականությամբ զբաղվի:
Ես եղբայրաբար եմ ասում՝ գնա տուն, պետք չի հոգս դառնաս ժողովրդի վրա հացադուլով, վերջին հաշվով ինքը մեր տղան է՛՛: Տեր-Գուլանյանի խոսքով՝ Հովհաննիսյան ԱՄՆ-ում նույն կերպ չէր կարող վարվել: ՛՛Ինքը նույն ձևի նստացույց կանե՞ր ԱՄՆ-ում, չէր անի: Ի
՞նչի Հայաստանում հնարավոր է, այնտեղ չէ՞, մեր հայրենիքն է, ժողովրդին շատ ենք սիրում, դրա համար էլ պառակտում ե՞ք, թե՞ օտար օրենքները ընդհանրապես այլ կերպ են հասկանում՛՛,-նկատեց նա:
ՀՀ արվեստի ժողովրդական գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը հավելեց, որ որպես մարդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է, սակայն կարծում է, որ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդը փակուղում է հայտնվել:
՛՛Մարդ արարածը վերջ ի վերջո թույլ արարած է, և երբեմն մի քայլի դիմում է, որից ետ գնալը շատ դժվար է՛՛,-կարծում է Վարդազարյանը` նշելով թե Հովհաննիսյանը սկզբում շեշտադրում էր այն, որ ժողովուրդն է հաղթանակ տարել, հետո արդեն սկսեց հայտարարել, որ ժողովուրդն ինքն է, և դա տեխնոլոգիա է համարում:
Մտավորականներն անլուրջ են համարում Հովհաննիսյանի Սերժ Սարգսյանին ուղղած առաջարկ-պահանջները: ՛՛Եթե հանդիպել էր նախագահին, թող ներկայացներ իր առաջարկները: Նախ ուշ է հիմա և մի տեսակ լուրջ չէ, այնտեղ կանգնածներիի կողմից էլ լուրջ չէր ընկալվում՛՛: