Նախագահն էլ է մարդ. կարող էր վրիպել
՛՛Գուցե ոչ այնքան հաճելի էր այդ պարզաբանումները ստանալ, բայց բացահայտվեց այն ինչի մասին խոսակցություններ էին գնում: Այս հարցը կարելի է համարել փակված, քանի որ ամեն ինչ ասված է ու ասված է անկեղծ՛՛,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արվեստի ժողովրդական գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը՝ վերլուծելով Սերժ Սարգսյանի հանդիպումը լրագրողների հետ :
Ասուլիսի մյուս բանախոսը՝ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը համաձայնեց, որ նախագահը շատ անկեղծ էր խոսում: ՛՛Խոսում էր բանավոր ու զգացմունքային էր: Ազնիվ էր շատ: Ես ներքին հպարտություն ապրեցի, որ մենք ընտրել ենք նախագահ, որը ոչ միայն իր երկիրը լավ գիտի, մարդկանց է ճանաչում, այլև նրանց սիրում է, ինչը կարևոր է:
Այսքանից հետո անընդհատ ասել, թե հաղթել է ժողովուրդը մի տեսակ տարօրինակ է թվում, այն հատվածը, որը Սերժ Սարգսյանին ձայն է տվել, ժողովուրդ չէ՞՛՛,-նշեց հրապարակախոսը:
Ինչ վերաբերում է նախագահի արտահայտությանը՝ ՛՛գնամ ինչ խոսեմ աշխարհից դառնացած և ութ օր շարունակ սոված մարդու հետ՛՛, Տեր-Գուլանյանը նշեց, որ նախագահն էլ մարդ է և կարող էր վրիպել:
՛՛Բոլորս էլ մարդիկ ենք, պահ է, կարող է անսպասելի ինչ-որ բան ասես, բոլոր մարդկանց հարիր է դա: Նախագահն էլ է մարդ, կարող է վրիպել: Բայց այլ խնդիր է, թե ինչու է մամուլը տարածում ժողովրդի քառասուն տոկոսի վրա այդ սոված բառը, ինչպես կարող էր նախագահն այդպիսի ակնարկ աներ՛՛,-շեշտեց նա: