ԵԺԿ-ն փոխե՞լ է վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ /վիդեո/
ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահեցնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի նկատմամբ ԵԺԿ-ում վերաբերմունքը չի փոխվել “Ժառանգության” նամակից հետո:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մարտի 14-ին Բրյուսելում էր, որտեղ նա մասնակցեց Եվրոպական Ժողովրդական կուսակցության գագաթաժողովին:
”Շատ լավ վերաբերմունք էր, շատ ջերմ ընդունելություն էր երկրի նախագահին ու ՀՀԿ-ին` որպես վստահելի գործընկերոջ, կուսակցության, որը հավատարիմ է եվրոպական արժեքներին, հավատարիմ է կուսակցական դրույթներին, ներքին պարտավորություններին”,-Henaran.am-ին պատմեց նախարարը:
Հիշեցնենք, ”Ժառանգական” Ստեփան Սաֆարյանը նամակ էր հղել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին:
Ստեփան Սաֆարյանն իր նամակում մասնավորապես ասել էր. “Մենք հույս ենք տածում, որ ԵԺԿ-ը կճանաչի հայ ժողովրդի օրինական քվեն եւ չի նպաստի քաղաքական ճգնաժամի խորացմանը, որ ծավալվում է Հայաստանում: Այլ հակառակը, կդառնա ժողովրդավարության իրական առաջամարտիկ ոչ թե այս կամ այն կուսակցության, այլ ողջ հայ ժողովրդի համար, որը փետրվարի 18-ին վճռորոշ հույսով ու խիզախությամբ իր իրավազոր որոշումն է կայացրել:
Եթե ձեր նախագահական որոշումը, որը խեղում է օրինականության, քաղաքացիական ազատության եւ ժողովրդավարական արդարության եվրոպական ուղենիշերը, դառնա ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային դիրքորոշումը, մենք ստիպված կլինենք վերանայել այդ հեղինակավոր կազմակերպությանը մեր անդամակցությունը, քանի որ այն ցավալիորեն շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, արժեքներից եւ հանձնառությունից, որոնք մենք կիսում էինք “,-գրել էր Սաֆարյանը:
Մանրամասները` դիտեք տեսանյութում: