Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները, վերջիվերջո պետք է ինչ-որ հանգուցալուծման հանգեն
Վարդան Օսկանյանի գրասենյակից ներկայացնում են Ազգային ժողովում մարտի 22-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի դիտարկումները:
Այսօր Հայաստանում տեղի են ունենում չորս զուգահեռ գործընթացներ.
1. Նախագահական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորման գործընթացը. կախված նրանից՝ ինչպիսի կառավարություն կձևավորվի, պարզ կդառնա, թե իշխանություններն ինչ վերաբերմունք ունեն նախագահական ընտրությունների ընթացքում ժողովրդի միանաշանակ պահանջած փոփոխությունների նկատմամբ:
2. Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները. վերջիվերջո դրանք պետք է ինչ-որ հանգուցալուծման հանգեն:
3. Խորհրդարանում տեղի ունեցող գործընթացները. ոչ իշխանական ուժերի կողմից նոր օրակարգի ձևավորման պահանջ է դրվում, որը ներառում է ընտրական օրենսգրքի փոփոխություն, մեծամասնական ընտրակարգի վերացում, նոր ընթացակարգերով համապետական ընտրությունների անցկացում, ինչպես նաև քննարկումներ սահմանադրական հնարավոր փոփոխությունների շուրջ:
4. Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները:
Այս չորսը, թեկուզև զուգահեռ ընթացող, բայց իրար լրացնող և մեկը մյուսի վրա ազդեցություն ունեցող գործընթացներ են:
“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը լրջագույնս նախապատրաստվում է Երևանի ավագանու ընտրություներին և դրանք դիտարկում է իրար լրացնող երկու հարթություններում.
Նախ՝ հաղթելու դեպքում մենք վստահ ենք, որ ամենաարդյունավետ ձևով կկարողանանք լուծել Երևանի բնակիչների առօրյա կենցաղային խնդիրները, նվազեցնել նրանց հոգսերը, վերականգնել քաղաքի էապես աղճատված ճարտարապետական դիմագիծը, վերացնել մունիցիպալ կառավարման համակարգում առկա բյուրոկրատական քաշքշուկները, հեշտացնել բնակիչների շփումները համայնքի իշխանությունների հետ և Հայաստանի բոլոր շահագրգիռ ընկերությունների համար հավասար պայմաններ ստեղծել մասնակցելու Երևան քաղաքում իրականացվող ծրագրերին:
Երկրորդ, մենք համոզված ենք, որ առանձին կամ քաղաքական այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու միջոցով քաղաքի ղեկավարումը վերցնելու դեպքում հնարավոր կլինի լուրջ հակակշիռ ստեղծել Հայաստանի քաղաքական համակարգում, ինչը էական խթան կլինի երկրի առավել արդյունավետ կառավարման և իրական բարեփոխումների իրականացման համար: