Տարոն Մարգարյանը պարկեշտ անձնավորություն է, բայց աշխատանքը պիտի գնահատել . ՕԵԿ /վիդեո/
Մարտի 22-ին`”Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններին ՕԵԿ շտաբի պետ Խաչիկ Հարությունյանը մասնավորապես կարծիք հայտնեց, որ Երեւանը բարեփոխումների կարիք ունի:
Դիտարկմանը, թե փաստորեն, մայրաքաղաքը ճիշտ չի կառավարվում, Խ. Հարությունյանը նկատեց, որ սխալ կլինի ասել, թե բավարար աշխատանքներ չեն տարվում, բայց կատարվածն էլ չի գոհացնում:
ՀՀԿ ցուցակը գլխավորող, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հարությունյանի խոսքով` բավականին կազմակերպված անձնավորություն է, պարկեշտ է: Բայց այլ բան է լավ մարդ լինելը, պետք է գնահատել արվածը:
“Եթե շատ-շատերի հետ համեմատելու լինենք, կտեսնենք, որ գործ ունենք պարկեշտ անձնավորության հետ: Մի բան է մարդը, մեկ այլ բան՝ գործերը: Աշխատանքներին պետք է նայենք եւ դրա համար ասում ենք, որ Երեւանը լուրջ բարեփոխումների կարիք ունի”,- ասաց Խաչիկ Հարությունյանը: