24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թալիշից, Մատաղիսից և Տոնաշենից տեղահանված ընտանիքներին ԿԽՄԿ-ն կանխիկ դրամային օգնություն է տրամադրում /ֆոտո/

Թալիշ գյուղի բնակիչ Հայկա Սարգսյանի ընտանիքն այն բազում ընտանիքներից մեկն է, որ ստիպված է եղել լքել իր տունը 2016թ. ապրիլի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղի ունեցած իրավիճակի սրման հետևանքով։
Այս մասին գրում է Արցախպրեսը եւ շարունակում, որ առաջին հայացքից Սարգսյանները հասարակ մի ընտանիք են։ Սակայն դա այդպես չէ. մի տան մեջ բնակվում են 10 հոգի, չորս սերնդի ներկայացուցիչներ։ 104 տարեկան Հայկա տատը նրանցից ամենամեծն է, իսկ ամենափոքրը՝ նրա վեցամսյա ծոռն է։ Սարգսյանների տոհմի տունը մասամբ քանդվել է, և նրանց ժամանակավոր կացարան են տրամադրել Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում։

Նոր միջավայրում հայտնվելն ամենամեծ դժվարությունն է երեխաների, հատկապես՝ երեք ամենափոքր տղաների համար։ Նրանց համար պարզ չէ, թե ինչու Թալիշի ընկերները չեն գալիս իրենց տուն խաղալու կամ ինչու, երբ նայում ես պատուհանից դուրս, չեն երևում ծաղկող ծառեր, բակում վազվզող հավեր և դաշտում արածող կովեր։ Նրանց համար անհասկանալի է, թե ինչու են հանկարծակի թողել Թալիշում իրենց մեծ տունը, դպրոցը, դասընկերներին, հարևաններին…

Մինչդեռ նրանց ծնողները, տատը և պապը փորձում են հաղթահարել ֆինանսական և հոգեբանական մարտահրավերները, որ առաջ եկան տեղահանման հետ մեկտեղ։Փոքր գումարով և առանց պատկերացման, թե ինչ է իրենց սպասվում առջևում, նրանք մտածում են միայն գոյատևման մասին։ Ընտանիքի եկամուտի միակ աղբյուրն էր գյուղատնտեսությունն ու անասնաբուծությունը։ Իսկ այժմ նրանք զրկվել են ապրուստի որևէ միջոցից։

«Մենք եկել ենք այստեղ առանց գումարի, հագուստի՝ ոչինչ չունենք։ Այո՛, մենք ստացել ենք որոշակի հագուստ, հյուրանոցում ստանում ենք երկանգամյա սնունդ, սակայն գումար չունեինք այլ բաների համար», – ասում է Անգինը՝ Հայկայի հարսը։ «Շատ շնորհակալ ենք Կարմիր խաչին այս տեսակի օգնության համար։ Չգիտենք, թե երբ կկարողանանք վերադառնալ տուն, բայց առնվազն գիտենք, որ գումարը կբավականացնի մի որոշ ժամանակ», – ավելացնում է նա։

Ապրիլի 2-ին հակամարտության սրման կապակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) առաջարկել է իր ծառայությունները՝ արձագանքելու մարդասիրական բնույթի աճող կարիքներին։ ԿԽՄԿ-ն միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը սկսած 1992թ.-ից գործում է Լեռնային Ղարաբաղում։

«Ապրիլի կեսերին արագ կերպով իրականացրեցինք տեղահանված մարդկանց տնտեսական կարիքների գնահատում», – ասում է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչը։ «Գնահատման արդյունքում պարզել ենք, որ վերջերս տեղի ունեցած իրավիճակի սրման հետևանքով ամենաշատը տուժել են Լեռնային Ղարաբաղի երեք գյուղեր՝ Թալիշը, Տոնաշենը և Մատաղիսը։ Մինչ այլ վայրերից տեղահանվածմերը իրավիճակի գնահատման ընթացքում վերադառնում են իրենց գյուղեր, այս երեք գյուղերի բնակիչները դա դեռ անել չեն կարող»:

ԿԽՄԿ-ի գնահատումը ցույց տվեց, որ տեղահանված ընտանիքները հիմնականում չունեն բավարար միջոցներ կամ այլ ֆինանսական աղբյուրներ՝ հիմնական կարիքները հոգալու համար։Արդյունքում նրանք հայտնվել են իրենց ապաստան տրամադրող մարդկանց և համայնքների մեծահոգությունից կախված իրավիճակում։

«Այս մարդկանց օգնելու համար մենք դիտարկել ենք աջակցության մի քանի տարբերակ», – ասում է Անդրե Դուերը, ԿԽՄԿ շուկայական հարցերով մասնագետը, ով կազմակերպեց գնահատումը։ «Սննդի փաթեթներ կամ հիգիենայի պարագաներ բաշխելն ավելի շատ ժամանակ է պահանջում, այն դեպքում երբ կանխիկ դրամով աջակցությունը հեշտ կազմակերպելի է և թույլ է տալիս ընտանիքներին ինքնուրույն որոշել, թե ինչն է իրենց համար ամենաանհրաժեշտը ։ Բացի այդ, չեն տուժելու նաև այստեղ գործող խանութները», – բացատրեց նա։

Հայկայի ընտանիքի պես մի քանի սերունդ ներկայացնող անդամներից բաղկացած և տարբեր կարիքներ ունեցող ընտանիքների համար կանխիկ դրամը առաջնային կարևորություն ունի։ Այդ պատճառով էլ Սարգսյանների ընտանիքն այդքան շնորհակալ է ԿԽՄԿ-ի տրամադրած աջակցության համար։

Սկսած ապրիլի 28-ից՝ ԿԽՄԿ-ն տրամադրում է կանխիկ դրամային օգնություն Թալիշից, Մատաղիսից և Տոնաշենից տեղահանված ընտանիքներին, որոնք գրանցվել են Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչությունում։ Նրանք կստանան միանգամյա նպաստ, ինչը թույլ կտա հոգալ սեփական կարիքները։ Նպաստի գումարը կազմում է 37,500 ՀՀ դրամ մեկ անձի համար՝ ամսական։ Ծրագրի նախատեսված է երկու ամսվա համար և դրա նպատակն է կայունացնել այդ գյուղերից տեղահանված բնակչության սննդի սպառումը և ապրուստի պայմանները։

Պարոն Բլաժևիչը հավաստիացնում է․ «Մենք կշարունակենք աշխատել տեղահանված ընտանիքների ու այլ թիրախային խմբերի շրջանում, որպեսզի պարզենք՝ արդյոք նրանք ունեն հետագա աջակցության կարիք»։

13180987_553191524874516_370052435_n

13162167_553191534874515_1933698050_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ