Պատկերացնում եք նրանց վիճակը. Մանուկյանը՝ վարչապետին
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ուսումնասիրություններ է արել ու պարզել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը վերջին հինգ տարիների ընթացքում օրենքի չափազանց մեծ թվով փոփոխություններ է արել:
՛՛Կառավարությունը հինգ տարվա ընթացքում փոփոխության առաջարկներով տասներկու անգամ մտել է ԱԺ կառավարության գույքահարկի վերաբերյալ, հարկերի մասին քսաներեք անգամ, շահութահարկի փոփոխությունը քասնահինգ անգամ … ՛՛,-ասաց Մանուկյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայնեց, որ մշտական փոփոխությունները ոչ մի երկրի համար լավ չեն, սակայն դա բնորոշ է անցումային շրջանում գտնվող երկրներին:
՛՛Որ փոփոխությունների քանակը շատ է, դա բնորոշ է անցումային երկրներին: Հին համակարգից անցում ենք կատարում նոր համակարգի, հաճախ, երբ այս կամ այն փոփոխությունը չի աշխատում մեր երկրում, փոփոխության է ենթարկվում: Իհարկե, մենք պետք է ձգտենք, որ փոփոխությունները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում լինեն՛՛,-նշեց վարչապետը:
՛՛Պահի համար օրենքի փոփոխություն պետք է չանել: Այն քայքայում է բիզնեսի առումով: Պատկերացնում եք հարկային տեսուչի վիճակը, որ չորս հարյուր փոփոխություններով պետք է աշխատի: Բիզնեսի համար պետք է ռազմավարություն մշակել, դրա հիման վրա օրենքներ ու փոփոխություններ, այլ կերպ` անորոշ վիճակ է ստեղծվում՛՛,-հավելեց Մանուկյանը:
Տիգրան Սարգսյանը չհամաձայնեց, որ բիզնեսի զարգացման համար ռազմավարություն չկա` նշելով, որ բիզնես օրենքները պետք է կանխատեսելի լինեն բիզնես միջավայրի համար, եւ որ կառավարությունն այդ ուղղությամբ բարեփոխումներ է անում, այդ թվում հարկային դաշտը տեղափոխում է էլեկտրոնային վճարման համակարգ: