15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Օղակ» գործողության 25-ամյակը

25 տարի առաջ, 1991-ի այս օրերին Արցախի հյուսիսում Սովետական իշխանությունների կողմից իրականացվեց «Օղակ» («Кольцо») օպերացիան, որի նապատակն էր էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում՝ անկախության մասին հանրաքվե թույլ չտալու համար:

1991 թ. փետրվարին Ադրբեջանի ԽՍՀ գերագույն խորհրդի նստաշրջանում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար և ԼՂԻՄ-ի Կազմկոմիտեի նախագահ Վլադիմիր Պոլյանիչկոն, ով նաև խորհրդային ամենաակտիվ գաղափարախոսն էր աֆղանական պատերազմում, խոսելով սովետական միլիցիայի ուժերով իրականացվող գործողության մասին հայտարարեց, որ «1991 թվականը կհայտարարվի Ղարաբաղի տարի: Այդ տարին Ադրբեջանի համար վերջին դժվար տարին կլինի: Ղարաբաղի հողը մերն է, և այն մենք պետք է նվաճենք մեր երեխաների համար: Օդանավակայանն արդեն մերն է: Բայց անհրաժեշտ է ավելացնել օմոնականների քանակը…»:

Իսկ Ադրբեջանական ԽՍՀ ՆԳ նախարար Մ. Ասադովի ելույթում քաղաքական նույն ձևակերպումն ամրապնդվեց ուժայինով. «Օմոնականների կազմը շուտով կհամալրվի և կհասցվի 600 մարդու: Իսկ Լեռնային Ղարաբաղի մերձակա շրջաններում տեղակայված է տասը հազարանոց բանակը: Այնպես որ Ղարաբաղ մտնելը և այն գրավելը տեխնիկայի գործ է»:

Ռազմական հարձակումներին զուգընթաց՝ Ադրբեջանի ԽՍՀ-ը դիմեց նաև տնտեսական արկադրանքի միջոցների և խզեց բոլոր տեսակի ապրանքամատակարարումները, որոնք ԼՂԻՄ և շրջակա հայկական բնակավայրեր հասնում էին հիմնականում Ադրբեջանի տարածքով:

«Օղակ» գործողության նախապատրաստման և իրականացման ողջ ընթացքում Ադրբեջանական ՍՀ-ին գործուն աջակցություն են ցուցաբերել ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները, որոնք աջակցում էին Բաքվի բոլոր գործողություններին՝ թալան, սպանություններ, բռնաբարություններ, մարդկանց խեղում և տարհանում Արցախի հյուսիսային դարպասը համարվող տարածքներից: Մասնավորապես՝ ԽՍՀՄ ներքին գործերի փոխնախարար Գրոմովը գլխավորել է իր ծավալով, դաժանությամբ և «աֆղանացված» բովանդակությամբ նախադեպը չունեցող «պրոֆիլակտիկ» գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ: Հարցազրույցներից մեկում, արդարացնելով իր գործողությունները, նա նույնիսկ սպառնաց` ասելով, որ «կշրջափակեն Ղարաբաղը «Բեռլինյան 1991 թ. ապրիլի 19-ին ԼՂԻՄ-ի արտակարգ դրության շրջանի զինվորական պարետությունը ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարությունից հրաման է ստանում հեռացնել ԼՂԻՄ հատուկ շրջանի պարետության ստորաբաժանումները Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի տարածքից, որոնց փոխարինելու են գալիս ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի ստորաբաժանումները` գնդապետ Մաշկովի հրամանատարությամբ, ինչի հետևանքով հայ ազգաբնակչությունը հայտնվում է սովետական միլիցիայի հատուկ ստորաբաժանման՝ ОМОН -ի թշնամական շրջափակման օղակի մեջ:

Ապրիլի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ОМОН-ը Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի Բաքվի 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի ստորաբաժանումների հետ, ուղղաթիռներով, զրահամեքենաներով, տանկերով ու «Գրադ» կայանքներով զինված, Գետաշեն-Մարտունաշենից սկսվում է Լեռնային Ղարաբաղում հայերի բռնի տեղահանման գործողությունը:

Աֆղանստանի փորձը՝ Արցախում ԽՍՀՄ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Բորիս Գրոմովը դեռևս ապրիլի 6-ին Մոսկվայից ժամանել էր էթնիկ լարվածության շրջան և գաղտնի հանդիպում ունեցել Վլադիմիր Պոլյանիչկոյի հետ: Այս փաստը կրկին հաստատում է ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հանցավոր համագործակցությունը և անմիջական ներգրավվածությունը էթնիկ զտումների իրականացման Ադրբեջանի շարունակական քաղաքականությանը, որում տվյալ փուլում հատուկ դերակատարություն ունեցան Գրոմովը և Պոլյանիչկոն, ովքեր դեռևս աֆղանական պատերազմի տարիներից սերտ համագործակցության փորձ ունեին (առաջինն Աֆղանստանում խորհրդային բանակի ստորաբաժանումների հրամանատարն էր, երկրորդը` Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետությունում, այսպես կոչված` «ազգային հաշտեցման» տխրահռչակ քաղաքականության տեսաբաններից ու մշակողներից մեկը):

Կուլիմինացիան և Արդյունքները «Օղակ» գործողության արդյունքում հայաթափվեցին հետևյալ գյուղերը՝ Գետաշեն, Մարտունաշեն, Ջրաբերդ, Կարինգ, Արագյուլ, Բանազուր, Կարմրաքար, Սարալանջ, Արևշատ, Քարագլուխ, Մյուլկուդուրա, Պետրոսաշեն, Սպիտակաշեն, Ցամձոր, Ցոր, Աղջաքենդ, Մեծ Շեն, Եղծահող, Կիրով: Ընդհանուր առմամբ հինգ հազար մարդ ունեզրկվեցին, խոշտանգվեցին և տեղահանվեցին: Մայիսի 4-ից 5-ը 1317 մարդ տեղահանվեց Ստեփանակերտ, այնուհետև տեղափոխվեց Հայաստան, նույն ճակատագրին արժանացան տեղահանվածների վերջին ներկայացուցիչները՝ 1100 մարդ՝ մայիսի 6-ին: Մայիսի 7-ին այդ տարածքում սպանվեց վերջին հայը:

1991 թվականի հուլիսի 4-ին, հատուկ հրամանով, Խանլարի շրջանում «խորհրդային կարգ ու կանոնը վերահաստատելու» համար, Միխայիլ Գորբաչովի հատուկ հրամանով, 7 օմոնականներ պարգևատրվեցին Կարմիր Աստղի հատուկ օրդենով: Իսկ Բորիս Գրոմովը քաղաքական կարիերայի էական աճ ունեցավ, որը շարունակվեց ավելի քան քսան տարի:

Վահրամ Թոքմաջյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ