Շաքարավազն ու հացը. կդիմի նախագահին
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը ՏՄՊՊՀ-ի աշխատանքի օպերատիվությունը ցածր է գնահատում: ”Օպերատիվությունը չի բավարարում, որովհետև ուսումնասիրման շուկաները շատ են, նրանք էլ հնարավորությունների սահման ունեն: Միգուցե դրանով է բացատրվում, որ օպերատիվ ռեակցիան թույլ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը:
Նա համաձայն է, որ ՏՊՄՄՀ-ը հաճախ խոշոր ձեռնարկատերերի գործունեությանը չի անդրադառնում և պատժում է միայն փոքր ձեռնարկություններին: ”Այդ երևույթը ես զգում եմ, սակայն չեմ կարող ստույգ փաստեր բերել”,-նշեց նա:
Պողոսյանը պատմեց, որ փորձում է օգնել ՏՄՊՊՀ-ին չարաշահումներ արձանագրելու , որոնք բազմազան են հատկապես հացի ու շաքարավազի շուկայում: ”Շաքարավազի ու հացի շուկայի ուսումնասիրման ոլորոտում ես շատ մեծ չարաշահում եմ տեսնում”,-ասաց:
Պողոսյանն առաջարկում է այս երկու, ապա կարագի, օղու, բենզինի շուկաներում լաբորատոր ուսումնասիրություններ անցկացնել` պարզելու, թե որքան է խոնավությունն այդ ապրանքներում: “Շաքարավազն ու հացը շատ խոնավ են, սակայն ինչ-որ շահեր կան, ինչ-որ դիմադրություն է, որոնք խոչընդոտում են տարիներ շարունակ”,-ասաց Պողոսյանը:
Իր այդ պահանջով նա դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին և պնդում է, որ եթե արդյունք չլինի, կդիմի հենց նախագահին: ”Սա թաքնված գնի բարձրացում է, որը չի կարելի անհետևանք թողնել:
Սննդի պետական տեսչությունը միշտ համոզում է, որ դա իրենց ֆունկցիան չէ, իսկ նախագահն ամեն լիազորություններն ունի: Եթե մի քիչ էլ ձգձգեն, նախագահին կդիմեմ”,-եզրափակեց Սպառողների միության նախագահը: