Րաֆֆու տարբերակը. Սերժ Սարգսյանին /վիդեո/
”Սուտ է այն նախադասությունը, որ ես ասել եմ, որ չեմ հաղթել: Ես ասել եմ, որ կեղծված են եղել ընտրությունները, ձեր թվաբանությունը իրականությանը չի համապատասխանում և անհրաժեշտ է, որ դուք բացեք լցոնումներով լի քվեատուփերը”,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ”Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով Սերժ Սարգսյանին:
Հովհաննիսյանը պատմեց, որ ներկայացրել է առաջարկներ, որոնք Սերժ Սարգսյանը չի ընդունել: Դրանք են` ընտրություններում երկրորդ փուլի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
”Առաջին առաջարկը երկրորդ փուլ նշանակելն էր, որի ընթացքում երկուսով տղամարդու նման բանավիճենք արտաքին և ներքին քաղաքականությամբ և թող ոչ մեկս իրեն չվերագրի վերջնական ճշմարտությունը, արդեն գիտեք, մերժեց”,-ասաց նա ու շարունակեց.
”Առաջարկեցի հետո այն տարբերակը, որը թույլ կտար իրեն մնալ որպես դե ֆակտո նախագահ և առաջարկեցի, որ համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո ամբողջովին համամասնական ընտրակարգից հետո գնում ենք խորհրդարանական ընտրությունների:
Եվ մի ասեք, որ անհնար է: Այո երկու, երեք պատճառներ կան սահմանադրության, ես էլ գիտեմ, բայց որտեղ կա քաղաքական կամք, կա նաև լուծումը”: Ըստ Հովհաննիսյանի` այս առաջարկն էլ է մերժվել:
Հովհաննիսյանը շեշտեց, որ չեն քննարկել կառավարության կազմում իրեն պաշտոն տալը: Նա նաև պատմեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Արմեն Մարտիրոսյանին նամակ է փոխանցել, որի վրա ինքը ոչ թե խաչ է քաշել, այլ ”իքս” է արել: Հովհաննիսյանը պարզաբանեց, թե ինչու Սահմանադրական հանրաքվեն անցկացնելուն չի համաձայնել:
”Ժառանգության” առաջնորդը հայտարարեց, որ ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքին կներկայացնի իր առաջարկները: ”Եթե պարոն Սարգսյանը սպասում է, ես ուրբաթ օրը կներկայացնեմ այդ բաց փաստաթուղթը և ապա այն կուղարկեմ նրան”,-ասաց նա:
Վերոնշյալ բոլոր հարցերի պատասխանները` տեսանյութում: