18 տարեկանից` պարտադիր զորակոչ
Կառավարությունը մշակում է նախագիծ, որով նախատեսվում է բուհական կրթության ընթացքում արական սեռի ներկայացուցիչներին տարեկետում չտրամադրել: Անդրադառնալով այս թեմային՝ պատգամավոր Թևան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց.
‹‹Եթե ցանկանում ենք օրինական երկիր ունենալ, պիտի հարգանք ունենանք օրենքի նկատմամբ: Եթե մեկը կարողացել է տարկետում ստանալ, ուրեմն այդ մարդկանց հնարավորություններին էլ պիտի հարգանքով վերաբերվենք: Պիտի կարողանանք համակարգային վերաբերմունք ցուցաբերենք: Սոցիալական անարդարության զգացում ունենք, որ ապահով ընտանիքների զավակները չեն ծառայում: Բանակում չծառայելու տարբեր խողովակներ կան, օրինակ՝ մարդը գնում է այս երկրից, կամ ունի առողջական խնդիրներ:
Այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր, բժիշկներ են ձերբակալվել, քրեական գործեր են հարուցվել, երրորդ խողովակն էլ կրթական համակարգն էր: Շատերն ասում են՝ գիտությամբ զբաղվողին ո՞նց կարող ենք չօգնել, չազատել բանակից››:
Թևան Պողոսյանն ընդգծեց՝ գիտությունը զարգացնելու համար կարելի է ներդրումներ անել այդ ոլորտում, ոչ թե մտահոգվել, որ տարկետման իրավունքի մասին օրենքը կարող է վերացվել:
Մյուս բանախոսը՝ ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանն ասաց՝ տարկետման ծավալների կրճատման հետ կապված՝ դեռ 2-3 տարի առաջ են կատարվել քայլեր:
‹‹Առաջ նա, ով բուհ էր ընդունվում, օգտվում էր տարկետման իրավունքից, իսկ վերջին տարիներին արդեն տղաները 18-ը լրանալուն պես մեկնում են բանակ՝ բացի նրանցից, ովքեր բուհ են ընդունվել տարկետման իրավունքով: Պետք է նշեմ՝ պետպատվերի թվերը քիչ են: Կան մասնագիտություններ, որենք ընդհանրապես պետական պատվեր չունեն, ինչպես օրինակ՝ ԵՊՀ Իրավագիտության ու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները››, – ասաց Շիրակ Թորոսյանը:
ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց՝ մեր երկիրն այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում է գտնվում, որ այժմ առաջնային կարևորություն ունի հատկապես երկրի ազգային անվտանգությունը:
Բացի այս՝ պատգամավորը շեշտեց՝ համաձայն չէ այն պնդումներին, թե բանակից զորացրվելուց հետո տղաների մեջ պակասում է ուսման ծարավը:
‹‹Ես՝ որպես դասախոս, պիտի ասեմ, որ բանակից գալուց հետո տղաներն ավելի լավ են հասկանում գիտության մեջ խորանալու անհրաժեշտութնունը: Կարծում եմ՝ հայտնվել ենք աշխարհաքաղաքական այնպիսի իրողության մեջ, որ տարկետման մասին պիտի խոսակցություն չունենանք: Ընդունում եմ՝ կան տաղանդներ, ովքեր չպիտի կտրվեն գիտությունից: Միջազգային օլիմպիադաներ շահած աշակերտներ կան… նրանց համար բանակում կարող ենք պայմաններ ստեղծել, որ ազատ ժամանակ ունենալիս ընդգրկվեն այնպիսի խմբերում, որտեղ արական սեռի ներկայացուցիչները կկարողանան շարունակել գիտությամբ զբաղվել››, – ասաց Շիրակ Թորոսյանը: