Փողոցում “թրև գալուց” ավելի լավ տարբերակ. Շիրխանյանից` Րաֆֆուն
՛՛Նախագահի թեկնածուն պետք է նախօրոք պլանավորի իր անելիքները, գործիքավորի այն, հստակ նյութեր ներկայացնի, որ այստեղ եղել է այս խախտումը, ֆիքսված է դա: Եթե քաղաքական ուժը լավ չի պատրաստվել ընտրություններին, իսկ հետո սկսում է օգտվել բողոքավոր զանգվածից, դա ոչնչի չի բերի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Վերջինս չի ցանկանում, որ Հովհաննիսյանը շարունակի փողոցային պայքարը, քանի որ, ըստ նրա, այն նախ և առաջ վնասում է ժողովրդին և ոչ մի օգուտ չի տալիս: ՛՛Աստիճանաբար հանգելու է այս պայքարը: Առջևում Երեւանի ընտրություններն են, կարող է այդ ընտրությունների ժամանակ ստանալ բավարար ձայներ, բայց նորից եմ ասում, որ հայտարարված արդյունքին, որ Սերժ Սարգսյանը հեռանա, չի հասնելու՛՛,-նշեց նա:
Հարցին` ինչ պետք է անի Հովհաննիսյանը ապրիլի իննից հետո, Շիրխանյանը պատասխանեց. ՛՛Եթե գնա համաձայնության և աշխատի իրականացնել իր ծրագրերը իշխանության հետ միասին, դրանից ժողովուրդը ավելի շատ կօգտվի, քան փողոցում թրև գալուց՛՛:
Շիրխանյանը կարծում է, որ ժողովուրդը Հովհաննիսյանի հետևից է գնում, քանի որ բազում խնդիրներ ունի: ՛՛Ժողովուրդը կգնա և Րաֆֆի Հովհաննիսյանի հետևից, և Պողոս Պողոսյանի հետևից, որովհետև բազում խնդիրներ ունի: Եթե իշխանությունը սկսի լուծել այդ խնդիրները, ապա փողոցում մարդկանց թիվը կիչանա՛՛,-շեշտեց նախկին փոխնախարարը: