”Ընտրությունները հիմա են սկսվում”. ”Ժառանգությունը” բանակցում է /ֆոտո, վիդեո/
”Ի՞նչ է ապրիլի 9-ը: Ես գտնում եմ, որ մեր երկրում իսկական ընտրությունները սկսվում են հիմա, որովհետև մենք պետք է որոշենք, թե ում ենք հիմա ենթարկվում”,-քիչ առաջ ”Ազատության” հրապարակում քաղաքացիական ֆորում-քննարկմանն ասաց օրվա բանախոսը` նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: ”Րաֆֆի Հովհաննիսյանը այն միակ քաղաքական գործիչն է, որը կարող է գլխավորել երկրի բարձրագույն մարմինն այդ շրջանում”,-նշեց նա:
Ղուկասյանի համար ցանկալի կլիներ, որ ապրիլի 9-ին ԱԺ-ի խմբակցությունները լինեին հրապարակում:
”Որովհետև նախագահն իր երդումը տալիս է Ազգային ժողովի նիստին: Մեր խնդիրն է, որ այդ նիստը լինի այստեղ:
Բոլորդ պատասխանատու եք, ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, այդ բոլոր քաղաքացիական ուժերը պատասխանատու են և նրանց համար ապրիլի 9-ն այն օրն է, երբ պիտի ասեն` ընդունում են այդ արդյունքը, թե ոչ”,-շեշտեց Ղուկասյանը:
Մյուս բանախոսը ռեժիսոր Արշակ Զաքարյանն է, ով նախաձեռնել է ապրիլի 8-ին մեկ միլիոնանոց երթ:
”Տեսնելով, որ ժողովուրդը սկսում է պասիվանալ, ես նախաձեռնություն արեցի, որ ապրիլի 8-ին գնանք մեր քվեի հետևից: Դիտորդները աչքերն ու ականջները փակում էին` չտեսնելով, թե այստեղ ինչ է կատարվում: Եկեք մի անգամ հավաքվենք, մի կողմ դնենք կուսակցակական պատկանելությունը և մեր “ոչ”-ն ասենք կառավարող ռեժիմին”,-նշեց նա:
Զաքարյանը բացատրեց, որ ցանկանում է բոլորին ապրիլի 8-ին հավաքել, քանի որ վստահ է, որ հաջորդ օրը մայրաքաղաքի ճանապարհները փակ են լինելու:
17:41
Ապա լրագրողներն իրենց հարցերն ուղղեցին ստվերային կառավարության մասին իրենց տեսակետերը ներկայացնողներին: Հարցին, թե ինչ քայլեր են անելու հանրության ձայնը բարձրացնելու համար, Ղուկասյանը պատասխանեց, որ լավագույն ճանապարհներից մեկը հարկերի չվճարումն է:
Բացի դա գոյություն ունեն միտինգներ, հանրահավաքներ: ”Ես երկրորդական եմ համարում խոսել` որն է ուլտիմատումի միջոցը, ամենապարզ միջոցը հարկեր չվճարելն է, բայց դա միակ միջոցը չէ, քան տասնյակ այլ միջոցներ”,-պատասխանեց նախագահի նախկին թեկնածուն:
Նա հավելեց, որ ”Ժառանգությունը” և իրենք բոլորը բանակցում են տարբեր քաղաքական ուժերի հետ` ապրիլի 9-ին նրանց հրապարակում տեսնելու համար:
18:11
“”Մարտի 1″ մեր երկրում չի կրկնվելու: Այս նախաձեռնությունը մաքուր քաղաքացիական է, կապ չունի որևէ մեկի, Րաֆֆի Հովհաննիսյանի կամ որևէ կուսակցության հետ: Եթե նույնիսկ սադրանքներ լինեն, լավ է, որ ժողովուրդն է կազմակերպել, այսինքն` մեր կողմից ընտրված նախագահի վրա սա չեն կարող բարդել:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գա, նա լինելու է մեզնից մեկը: Սա դեռ քննարկման փուլում է, ես որոշում կայացնող չեմ, չնայած նախաձեռնող եմ և հայտարարում եմ, որ ” մեր ժողովրդի վրա կրակող չի լինելու”,-ասաց ռեժիսորը` ի պատասխան քաղաքացու այն հարցի, թե ինչպես են անելու, որ երթի օրը մարտի 1 չկրկնվի”:
18:39
Քննարկումների ավարտին ”Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը որևէ քայլ չի կատարելու առանց ժողովրդի և դա լինելու է փոխադարձ: Նա շնորհակալություն հայտնեց բանախոսներին` անկեղծ լինելու համար:
”Գնահատում եմ անկեղծությունը, այն, որ սա վերջնական չէ, բայց սա ինքնին պետք է մտածել տա, որ ինչպես կարելի է նույն այս խոսակցությունը շեղել բուն ճանապարհից: Բայց ապրիլի 8-ը և ապրիլի 8-ի հարգելի կազմակերպիչները չեն կարող փոխարինել ապրիլի 9-ը և ապրիլի 9-ի երդմնակալությունը:
Ով 5 տարի առաջ ընտրեց Սերժ Սարգսյանին, ապրիլի 8-ին Արշակի հետ կարող է գնալ` նրան հրաժեշտ տալու”,-ասաց Հովհաննիսյանը: ”Դուք ապրիլի 8-ը չէիք կազմակերպի, եթե փետրվարի 18-ին ես և ժողովուրդը պայման չկապեինք քվեի միջոցով”,-հավելեց նա:
Հովհաննիսյանը ևս մեկ անգամ բոլորին վստահեցրեց, որ “մարտի 1″ չի լինելու, իսկ երբ պահը գա նոր Հայաստանի ծնունդը, ոստիկանները նույնպես հայ ժողովրդի կողքին են լինելու: ”Հայ ժողովրդի ճամփան չեն փակի, հայ ժողովրդին կմիանան և կդառնանք մեկ ազգ, մեկ ժողովուրդ ”,-եզրափակեց նա: