Սաակաշվիլիի այս քայլը վտանգավոր է ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Հայաստանի համար. քաղաքագետ
Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ակտուալ մի խնդրի շուրջ, որը սակայն լայն արձագանք չի գտել լրատվամիջոցներում: Խոսքը` Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի` չինական “Խուան” գրուպի հետ կնքած պայմանագրի մասին է, ըստ որի Վրաստանում պետք է կառուցվի օլիմպիական քաղաք, որտեղ բնակություն կհաստատեն 127 հազար չինացիներ, ինչպես նաեւ կստեղծվի ազատ տնտեսական գոտի:
Ինչպես նշեց Լեւոն Մելիք-Շահնազարյանը, Սաակաշվիլիի գաղտնի հանդիպումը “Խուան” գրուպի ներկայացուցիչների հետ վրացական ընդդիմությունը վերջերս է բացահայտել, քանի որ որեւէ լուսաբանում կամ տեսագրություն չի եղել: “Մեր կենտրոնի ուսումնասիրություններից հետո պարզվեց, սակայն, որ խոսքը բոլորովին էլ չինացիների մասին չէ, այլ ույգուրների, որոնք օղուզական` թուրքական ցեղերից են, որոնցից է նաեւ Անատոլիայի, Անդրկովկասի թուրքերի եւ ղրղըզների մի մասը”,-նշեց քաղաքագետը` ընդգծելով, որ մոտ 150 տարի Չինաստանի դեմ անջատողական պայքար ծավալող ույգուրներն այսօր մեծապես օգտագործվում են ծայրահեղական, իսլամիստական շարժումների մեջ: Նա ընդգծեց նաեւ, որ վերջերս ույգուրական խմբեր են ուղարկվում նաեւ Սիրիա` երկրի օրինական իշխանության դեմ կռվելու համար:
Ինչ վերաբերում է Հայաստանի համար վտանգ ներկայացնելուն, քաղաքագետը նշեց, որ օրինականացնելով 127 հազար ույգուրի բնակությունը Վրաստանում` նրանք “դռները բացում են” մոտ 1 մլն-ի առաջ, քանի որ Չինաստանից օրինական ճանապարհով դուրս եկած յուրաքանչյուր ույգուր, ըստ սովորույթի, իր ետեւից անօրինական ճանապարհով տանում է 10-15 ույգուրի:
Լեւոն Մելիք-Շահնազարյանը ընդգծեց, որ քաղաքի նախագիծը շատ գեղեցիկ է, այնտեղ կառուցվելու է նաեւ հսկայական մզկիթ, քանի որ ույգուրները դավանում են սունիթական իսլամին: Քաղաքագետի կարծիքով` սա փորձ է իրականացնել Թուրանի ծրագիրը, թեկուզ եւ միայն Անդրոկովկասի հատվածը: “Սա վտանգավոր քայլ է առաջին հերթին Վրաստանի համար, որը ոչ պակաս վտանգ չի ներկայացնում Հայաստանի եւ Ռուսաստանի համար, քանի որ Թուրանի ծրագրում Ռուսաստանի միայն 40 տոկոսն է մտնում, իսկ Հայաստանն ընդհանրապես չկա: Սա դավաճանություն է ոչ միայն սեփական պետության, այլ նաեւ հարեւան պետությունների հանդեպ”,-ընդգծեց քաղաքագետը: