Հաստատվել են ԲՈւՀ-ի 2016/2017 ուս. տարվա ընդունելության տեղերը
ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016/2017 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:
Այս մասին տեղեկացնում են ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից եւ հավելում, որ ՀՀ ԿԳՆ-ին թույլատրվել է պահուստային տեղերի բաշխումը և ըստ հաստատությունների թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում: Համաձայն որոշման սահմանվել է, որ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունված արական սեռի ուսանողներն ուսումնառության ամբողջ ընթացքում, անկախ փոխատեղման արդյունքից, օգտվում են պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից: