Վազգեն Առաջինը հացադուլ չի հայտարարել. եղբայրական հորդոր
Մայր աթոռի մամլո խոսնակ Տեր Վահրամ Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում հորդերել է այս օրերին զերծ մնալ եկեղեցու վրա քարեր նետելուց:
“Սիրելի բարեկամներ, երեկ լրագրող Վարդուհի Սիմոնյանը նյութ հրապարակեց, թե Վազգեն Վեհափառը 1988թ. հացադուլ է հայտարարել Վիկտոր Համբարձումյանի հետ: Չցանկանալով կապել այս ամենը այսօրվա զարգացումների հետ` ուղղակի տեղեկացնեմ, որ Վազգեն կաթողիկոսը 1988 թ. հացադուլ չի հայտարարել, այլ ընդհակառակը` հանել է դրանից հացադուլավորներին: Բնավ չհիմնվելով իմ հիշողությունների վրա` ասածս հաստատելու համար նաեւ դիմեցի Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին (Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ), ով այդ ժամանակ Վազգեն վեհափառի օգնականն էր եւ հիմնական բանագնացն ու նախապատրաստողը Վեհափառի միջնորդությամբ հայտնի հացադուլի դադարեցման: Նա իր հերթին հաստատեց, որ Վեհափառ Հայրապետը հացադուլ չի արել: Ինչ վերաբերում է հացադուլը Քրիստոսի փորձությանը անապատում համեմատելուն, ապա դա որեւէ ընդհանրություն չունի հացադուլի հետ:
Եղբայրաբար հորդորում եմ նաեւ բոլոր իմ ընթերցողներին, ովքեր այս օրերին ինչ-ինչ երեւույթների հիման վրա նեղսրտությամբ յուրովի եզրահանգումներ ու մեկնաբանություններ են հրապարակում, ձեռնպահ մնալ Եկեղեցու ուղղությամբ քար նետելու գայթակղությունից: Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը եւ դերակատարությունը եւ ոչ պակաս հայրենասեր եւ ժողովրդասեր ու սրտացավ է, քան իր զավակներից որեւէ մեկը: (անձնական նկատառումներ)”,-գրել է Տեր Վահրամը: